ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության համաձայնագիր՝ Ուրալի դաշնային համալսարանի հետ
29.09.2021
Համագործակցության համաձայնագիր՝ Ուրալի դաշնային համալսարանի հետ

Եռօրյա այցով Մանկավարժական համալսարանում են Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Զապարիյը և նույն համալսարանի Նոր և նորագույն պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ Յուլիա Զապարիյը:

Մանկավարժականի և Ուրալի դաշնային Համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի կծավալվի գիտակրթական, նախագծային և գործարար լուրջ համագործակցություն:

Համաձայնագրով նախատեսվում է նաև իրականացնել ուսանողների, դասախոսների, պրոֆեսորների, հետազոտողների և ասպիրանտների փոխանակման ծրագրեր, մասնագետների փոխադարձ այցելություններ, ինչպես նաև գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների և ցուցահանդեսների կազմակերպման հարցում ակտիվ համագործակցություն:

«Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն կրթական հաստատություններից է. հաճելիորեն զարմացած եմ, որ բուհն ունի 12 ինստիտուտ, շուրջ 160 լաբորատորիա, 35 000 ուսանող և 4000 դասավանդող: Ուսումնասիրելով բուհի կառուցվածքը, ծանոթանալով մասնագիտություններին, գիտակրթական ներուժին, միջազգային կապերին, վստահ կարող եմ ասել՝ բոլոր նախադրյալները կան, որ համագործակցությունը թևակոխի նոր՝ գործնական ոլորտ»,- հանդիպման ընթացքում նշեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը՝ հույս հայտնելով, որ քայլ առ քայլ կվերականգնվեն համագործակցային լավագույն ավանդույթները:

Ուրալի դաշնային համալսարանի ներկայացուցիչները, կարևորելով երկուստեք համագործակցությունը, ընդգծեցին՝ իրենց համալսարանի մեծամասշտաբ լինելու պատճառով համագործակցությունն առավելապես նախանշել են հումանիտար գիտության ոլորտում:

Վերջիններս հույս հայտնեցին, որ համալսարանական համագործակցությունը կունենա շոշափելի արդյունք՝ ներկայացնելով դրա վերաբերյալ մանրամասներ:

ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, որը երկու բուհերի համագործակցության նախաձեռնողն էր, ընդգծեց, որ արդենիսկ այդ համատեքստում պրոֆեսոր Վլադիմի Զապարիյը նույն ֆակուլտետի ուսանողներին է ներկայացրել «Ռուսաստանի արդյունաբերական ժառանգությունը Ուրալում» թեմայով դասախոսությունը:

Առաջիկայում Յուլիա Զապարիյը ևս հանդես կգա «Մեծ եռյակը և մեծ հույսերը. ՄԱԿ-ի ստեղծման պատմությունը» թեմայով դասախոսությամբ։