ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր` ՀՊՄՀ-ի և ՀՀ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի միջև
04.03.2022
Համագործակցության հուշագիր` ՀՊՄՀ-ի և ՀՀ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի միջև

Մանկավարժական համալսարանի և ՀՀ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը և ՀՀ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի Սուրեն Նազինյանը:

Հուշագրի նպատակն է հոգեբանության ոլորտում ապահովել գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունը, պատրաստել անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ հոգեբանների, խթանել ոլորտի մասին բուհի ուսանողների իրազեկվածությանը, ինչպես նաև կենտրոնի մասնագիտական վերապատրաստմանն ու վերաորակավորմանը:

Հուշագրի համաձայն՝ ֆակուլտետը կիրականացնի Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տարաբնույթ խնդիրների վերաբերյալ տեսական-գիտական ուսումնասիրություններ, կտրամադրի խորհրդատվական եզրակացություններ, փորձի փոխանակման և ուսումնասիրության արդյունքում՝ կստեղծվի ռիսկի գնահատման դինամիկ մոդել:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը կմշակի նաև գործիքակազմ, որը կընդգրկվի դիֆերենցիալ մոտեցումների հիման վրա գործող թեստերի համակարգում, իսկ մասնագիտական ներուժի միջոցով կձևավորվի աշխատողի գործունեությունը կարգավորող համակարգ:

«Ֆակուլտետի դասախոսական կազմը կանցկացնի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, ուսանողները ուսումնաարտադրական պրակտիկա, իսկ շրջանավարտներն էլ հնարավորություն կունենան աշխատանքային փորձ ձեռք բերել կենտրոնում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը՝ հավելելով, որ կողմերը կհամագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում ևս: