ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր ՀՊՄՀ-ի և ՌԴ Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարանի միջև
14.06.2023
Համագործակցության հուշագիր ՀՊՄՀ-ի և ՌԴ Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարանի միջև

Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը։ Ֆորումի ընթացքում քննարկվում են հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում երկու երկրների առաջատար հաստատությունների միջև հաջողված փորձի փոխանակմանը, ինչպես նաև գիտության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ֆորումին մասնակցում է 200 պատվիրակ, այդ թվում նաև՝ ռուսական բուհերի ռեկտորներ․ նրանք հայաստանյան մի քանի բուհերի հետ ստրոգրեցին համագործակցության հուշագրեր։

Այդ շրջանակներում համագործակցության հնգամյա հուշագիր ստորագրվեց Մանկավարժական համալսարանի և ՌԴ Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարանի միջև։ Հուշագիրը ստորագրեցին մանկավարժական բուհերի ռեկտորներ Սրբուհի Գևորգյանն ու Եվգենի Նիժնիկը։

Հուշագրի համաձայն՝ կիրականացվեն մի շարք ծրագրեր, միջոցառումներ, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում, վերապատրաստումներ։ Հայ և ռուս գործընկերները կկազմեն նաև համատեղ կրթական ծրագրեր, կիրականացնեն գիտահետազոտական նախագծեր, գիտական աշխատություններ, ինչպես նաև երկուստեք կմասնակցեն գիտական ​​և գիտամեթոդական սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների։

Մանկավարժական բուհերի ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Եվգենի Նիժնիկը հույս հայտնեցին, որ համագործակցության հուշագիրը երկուստեք կլինի արդյունավետ և փոխշահավետ` ի նպաստ մանկավարժական բարձրագույն կրթության և գիտության զարգացման։

Նշենք, որ հայ-ռուսական գիտակրթական ֆորումի աշխատանքները շարունակվում են նաև այսօր։