ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հետ 
26.06.2023
Համագործակցության հուշագիր՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հետ 

ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ՀՊՄՀ-ում էր։ Երկու բուհերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ռեկտորներ Սրբուհի Գևորգյանն ու Դմիտրի Բեսպալովը։

Հուշագրի համաձայն՝ կիրականացվեն մի շարք ծրագրեր, միջոցառումներ, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակում, համատեղ ամառային և ձմեռային դպրոցների անցկացում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում, վերապատրաստումներ։

Հայ և ռուս գործընկերները կկազմեն նաև համատեղ կրթական ծրագրեր, կիրականացնեն գիտահետազոտական նախագծեր, գիտական աշխատություններ, ինչպես նաև երկուստեք կմասնակցեն գիտական ​​և գիտամեթոդական սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների։

Ռեկտոր  Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակության կազմում էին Միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը, Արտասահմանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Իգոր Կրյուչկովը, Ընդհանուր հոգեբանության և անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Իրինա Բելաշևան։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց հուշագրի ստորագրմանը նախորդած Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հետ ակտիվ գործընկերությունը։ Բուհի ղեկավարը  վստահ է՝  փոխարդյունավետ համագործակցությունը մի շարք ոլորտներում  կլինի շարունակական ՝ ի շահ դասախոսական կազմի և ուսանողների։ 

Հանդիպմանը ներկա էին նաև  ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետների դեկաններ Ռուզաննա Պետրոսյանը, Էդգար Հովհաննիսյանը։

Կողմերը հանդես եկան  համագործակցության վերաբերյալ առաջարկներով՝ ներկայացնելով գործունեության ոլորտները, միջազգային համագործակցության շրջանակներում ունեցած հարուստ փորձը։

Գործընկերները կարծում են, որ անհրաժեշտ է իրականացնել մեթոդաբանության վերաբերյալ  տարատեսակ ուսումնասիրություններ, իսկ  փոխարդյունավետ գործընկերությունը հնարավոր կլինի զարգացնել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ մանկավարժության, հոգեբանության, ներառական կրթության։

Դմիտրի Բեսպալովը վստահ է՝ համագործակցության հուշագիրը երկուստեք կլինի արդյունավետ և փոխշահավետ։ Բուհերն արդեն իսկ իրականացրել են հաջողված մի քանի նախագծեր, այդ թվում՝ ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ,  երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոց։

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտորը հույս հայտնեց, որ ՀՊՄՀ ղեկավար կազմը փոխադարձ այցով կլինի իրենց համալսարանում, իսկ բուհի 15 ուսանող կմասնակցի սեպտեմբերին Ստավրոպոլում անցկացվելիք  ռուս-հայկական երիտասարդական ֆորումին։

Հանդիպման ավարտին Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովը  ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին պարգևատրեց բուհի մեդալով և հանձնեց հուշանվերներ։