Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին կրթական հաստատությունների ղեկավարներ Սրբուհի Գևորգյանն ու Քրիստինե Աբրահամյանը։
Հուշագրի շրջանակներում պրոֆեսորադասախոսական կազմը կանցկացնի ակնարկային դասախոսություններ, մասնագիտական կողմնորոշման, թեմատիկ դասընթացներ։
Բացի այդ, կլինեն փոխադարձ շրջայցեր, տեղեկատվական օրեր, իրազեկման աշխատանքներ՝ մատուցվող կրթական ծառայությունների, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ըստ հուշագրի՝ նախատեսված է պրակտիկայի կազմակերպում, ինչպես նաև ակտիվ համագործակցություն՝ բուհի մի շարք ստորաբաժանումների հետ։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ հուշագրին կհաջորդեն գործնական քայլեր․ կկազմակերպվեն ակտիվ քննարկումներ, իսկ պրակտիկ և տեսական ոլորտի մասնագետների երկխոսությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Պրոֆեսոր Գևորգյանը, խոսելով իր ղեկավարած կառույցի առաքելության, մասնագիտությունների, մասնագիտական ներուժի մասին՝ վստահեցրեց՝ կարևորում են միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։
Այդ առումով նա առանձնացրեց հոգեբանության, հատուկ կրթության ոլորտները՝ նշելով, որ գործընկերության, պրակտիկ փորձառության շնորհիվ լրացվում է գործող մեթոդաբանությունը, իսկ մասնագիտական ձեռագրաբանությանը հաղորդվում նոր որակ։
Ռեկտորի դիտարկմամբ կրթության ոլորտում տեղի ունեցող ռազմավարական գործընթացների արագ փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացնում համարժեք փոխազդեցության։ Կարծում է, որ ժամանակն է բաց և կոնկրետ խոսել հիմնախնդիրների և զարգացումների մասին։
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենն էլ նշում է՝ պետք է վերակագնել դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ եռաշղթայի ակտիվ համագործակցությունը։
Քրիստինե Աբրահամյանը լիահույս է՝ համագործակցությունը կտա ցանկալի արդյունք․ իրենց սաներից շատերն են ցանկանում կրթությունը շարունակել Մանկավարժականում։ Հույս ունի, որ ժամանակին մեծ ճանաչում ունեցող քոլեջը ակտիվ գործունեության և մասնագետների շնորհիվ կվերականգնի երբեմնի համբավը, կրթելով ոչ միայն լավ մասնագետներ, այլև պետության համար արժանի քաղաքացիներ։