Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նախաձեռնությամբ վերջերս տեսահաղորդակցություն էր հաստատվել չեռնոգորաբնակ սերբ անվանի դոկտոր, պրոֆեսորներ Ելիցա Ստոյանովիչի և Բուդիմիր Ալեքսիչի հետ:
Վերջիններս ՀՊՄՀ-ի դասախոսներին և ապագա բանասերներին տեղեկություններ էին հայտնել սերբերենի մասին, իսկ հանդիպման վերջում խոստացել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Ձևավորված ավանդույթի համաձայն օրերս կայացավ նաև երկրորդ «հանդիպումը»: Տեսակապի միջոցով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն օտար լեզվով սերբական լսարանի առաջ հանդես եկավ հինավուրց հայոց լեզվի, գրականության ու մշակույթի մասին դասախոսությամբ, որն ուղեկցվեց նաև հետաքրքիր սահիկահանդեսով:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ-ի դասախոսներն ու Բանասիրական ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ: Ներկաներին ողջունեց Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքի Սուրբ Պետրոս Ցետինսկու հաստատության ռեկտոր Գաիկո Պետրովիչը: Հանդիպմանը մասնակցեց և երկլեզվյան թարգմանությունն ապահովեց Հայաստանում հայերեն ուսումնասիրող սերբ ուսանող Պրեդրագ Միյանովիչը: Ավարտին սերբ ուսանողները կատարեցին հոգևոր երգ: