Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն էին այցելել ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը:
Այցի նպատակն էր քննարկել երկու կառույցների միջև համագործացկության հեռանկարները և նախանշել կոնկրետ փոխգործակցության ոլորտները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ինտեգրման, ՏՀՏ բովանդակության և համատեղ վերապատրաստումների կազմակերպման գործնական քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի N 57 հիմնական դպրոցը և հենակետային վարժարանն առաջիկայում ակտիվ կներգրավվեն «Մենթոր դպրոցներ» ծրագրում և հեռավար դասավանդման վերաբերյալ համապատասխան մոդուլների մշակմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՊՄՀ-ն ներառել Իթվինինգ Պլյուս եվրոպական ծրագրին, որի մասնակից ԵՄ հարևան երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Թունիս, Ուկրաինա, Հորդանան և Լիբանան) դպրոցների աշխատակազմին (ուսուցիչներ, տնօրինություն, գրադարանավարներ և այլն) հարթակ է տրամադրվում, որտեղ նրանք կարող են հաղորդակցվել, համագործակցել, նախագծեր մշակել, փոխանակվել համատեղ նախագծերով, մի խոսքով զգալ և լինել ամենահետաքրքիր կրթական համայնքի մի մասը, իսկ Մանկավարժական համալսարանը այսօր ՀՀ-ում հիմնական մանկավարժ պատրաստող դարբնոցն է, որի ներկայությունը ծրագրում առաջնայնություններից է:
Հանդիպման ավարտին ներկաները գոհունակությամբ փաստեցին, որ հանդիպումը կառուցողական էր, և ԿՏԱԿ-ը Մանկավարժական համալսարանը դեռ միասին փոխգործակցության չիրացված մեծ ներուժ ունեն՝ ի նպաստ հայկական կրթական լավագույն ավանդույթների շարունակության և զարգացման: