Պաշտոնական այցով Մանկավարժական համալսարանում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիարկությունը՝ ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորությամբ:
Այցը մեկնարկեց ՀՊՄՀ-ի ֆակուլտետների դեկանների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ռուս պատվիրակները հայ գործընկերների հետ քննարկեցին համագործակցության եզրեր, նախանշեցին որոշակի քայլեր՝ մանկավարժական և գիտահետազոտական տարբեր ուղղությունների գծով:
Հյուրերը ցանկություն հայտնեցին կազմակերպել դասախոսների, ուսանողների, ավագ դպրոցականների համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, հնարավորության դեպքում՝ նաև օնլայն դասախոսություններ՝ կիսվելու փորձով, գիտելիքներով և մանկավարժության ոլորտի նոր ձեռքբերումներով: Ռուս գործընկերները ծանոթացան նաև տարբեր ֆակուլտետների գործունեության ուղղություններին, ուսանողական տարբեր հաջողություններին՝ հատկապես շախմատի, սպորտի ոլորտում:
«Շախմատում ձեզ հետ մրցել չենք կարող, բայց ուզում ենք սովորել»,-խոստովանեցին հյուրերը, ապա հետաքրքրվելով գեղարվեստական կրթության ոլորտում մանկավարժներ պատրաստելու փորձով՝ չթացքրին իրենց հիացմունքը հայ երաժիշտների վերաբերյալ՝ նրանք շարունակում են մնալ լավագույնները:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց, որ ՀՊՄՀ-ն վերանայում է ամբիոնների ծրագրերը՝ դրանք դպրոցական ծրագրերին համապատասխանեցնելու նպատակով և հավելեց, որ մանկավարժական երկու բուհերի միջև կան բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ, որոնց շուրջ համագործակցությունը կլինի երկուստեք շահեկան:
Երկու բուհերի ռեկտորներն իրենց խոսքում ընդգծեցին համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ հորդորելով համատեղ ցանկացած ձեռնարկի դեպքում քննարկել դրանց գործնական արդյունքները:
Ռուսաստանյան գործընկերների այցը նշանավորվեց երկու բուհերի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
Ռուբեն Միրզախանյանն այն բուհի պատմության մեջ համարեց նշանակալի և բացառիկ իրադարձություն՝ ըդգծելով, որ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը ինչպես խորհրդային, այնպես էլ ներկա ժամանակներում շարունակում է լինել Ռուսաստանում մանկավարժական ամենախոշոր ուսումնական հաստատությունը:
«Մանկավարժական համալսարանը համագործակցության հուշագրեր ունի բազմաթիվ եվրոպական համալսարանների և մեկ ամերիկյան բուհի հետ, սակայն Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն ունի յուրահատուկ կարևորություն. գործունեության շրջանակները լայն են և գործնական տեսանկյունից ունեն բացառիկ նշանակություն»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու մեծ պատիվ համարեց ականավոր գիտնական, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորությամբ ռուս պատվիրակների այցը Մանկավարժական համալսարան:
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովն էլ նշեց, որ յուրաքանչյուր նոր պայմանագրի կնքում կարևոր է նրանով, թե որքանով այն հետո իրականություն կդառնա. «Ճիշտ է՝ հնարավոր չէ այցի կարճ ժամանակահատվածում մեծ գործեր անել, սակայն այն եղավ շրջանակային և հստակեցրեց ընդհանուր անելիքներ»:
Ալեքսեյ Սեմյոնովը, սակայն, համագործակցության մեջ առավել մեծ կարևորություն տվեց հայ և ռուս ուսանողների շփմանը և ցանկություն հայտնեց, որ դասախոսների միջև համագործակցային աշխատանքը տարածվի նաև ուսանողների շրջանում. «Ուսանողների ընկերական և մարդկային շփումները կվկայեն, որ դուք Ռուսաստանում ունեք կարևոր գործընկերներ»:
Այցի շրջանակում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ռեկտորը հանդես եկավ «Կրթության զարգացումը և մանկավարժական համալսարանի դերը» թեմայով դասախոսությամբ: Ալեքսեյ Սեմյոնովն անդրադարձավ կրթության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, կոգնիտիվ հեղափոխությանը՝ շփման և գիտելիք փոխանցման եղանակներին, դրա վերաբերյալ ականավորների արձագանքին, տեխնոլոգիաների դերին, մարդուն՝ գիտականության մեջ:
Ակադեմիկոսն անդրադարձավ նաև առկա միտումներին և խնդիրներին, գիտելիքի իմացության հոսքին, դրա փոխանցման փոխակերպմանը, ապա նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն աստիճանաբար փոխում է մարդու մտածելակերպն ու ընկալումը:
Ռեկտորը հույս հայտնեց, որ իր հնչեցրած տեսակետներն ու գաղափարները հետաքրքրիր և օգտակար կլինեն ոչ միայն դասավանդողների, այլև ուսանողների համար:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովին շնորհեց ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում: Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ինֆորմատիկայի բնագավառում ռուս գործընկերոջ ավանդը՝ նշելով՝ դասախոսությունը փաստեց, որ ակադեմիկոսը շատ բարդ գիտական խնդիրների և մոտեցումների մասին խոսեց այդքան պարզ ու մատչելի լեզվով՝ վարպետորեն և բարձր մակարդակով. «Դա մեծ գիտնականի կարողություններով հիանալու առիթ էր»:
Ալեքսանդր Սեմյոնովը շնորհակալություն հայտնեց բուհի Գիտական խորհրդին և ռեկտորին բարձր կոչման համար, ապա նշեց՝ մանկավարժական բուհերը երկրի ամենակարևոր ուսումնական հաստատություններն են. «Ձեր ազգը մշտապես հիացրել է ինձ տարբեր ոլորտներում ունեցած իր ձեռքբերումներով: Ես ունեմ բազմաթիվ հայազգի ընկերներ, որոնց դիմել եմ խորհրդի, օգնության, իմաստության համար, որն այնքան բնորոշ է հային: Ինձ համար կարևոր է, որ հարևանական և ընկերական հարաբերություններ պահպանող երկրի հետ մենք այսուհետ կունենանք նաև գործընկերային հարաբերություններ: Կարծում եմ, որ իմ կոչումը ոչ միայն պատիվ կլինի, այլև կդառնա մեր ամենօրյա աշխատանքի գրավականը՝ կրթական գործընթացի առաջընթացին ողջ աշխարհում»:
Պատվիրակության այցը բուհ ամփոփվեց մշակութային ձեռնարկով: Կատարումներով հանդես եկան Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Ավե Մարիա» իգական երգչախումբը, ջութակահարների անսամբլը, Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի բաժնի ուսանողները:
Նշենք, որ ռուս հյուրերն աշխատանքային հանդիպում են ունեցել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, այցի շրջանակում եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել և անմար կրակի մոտ հարգել անմեղ զոհերի հիշատակը, իսկ Էջմիածնում նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը: