Այսօր Մանկավարժական և ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ռազմական բուհի պետ, գնդապետ Արթուր Երոյանը։
Կողմերը կհամագործակցեն ուսումնադաստիարակչական և գիտակրթական բնագավառներում։ Հուշագրի նպատակն է ամրապնդել ուսանողների (կուրսանտների) ուսումնական և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումը։
Բացի այդ, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվեն մասնագիտական ուսումնական պարապմունքներ՝ գործնական և լաբորատոր, դասախոսություններ, կպատրաստվեն գիտամանկավարժական կադրեր։
Հուշագրի շրջանակներում կքննարկվեն ատենախոսությունների գիտական թեմաներ, կիրականացվի մագիստրոսական թեզերի ղեկավարում և թեմաների հաստատում, կվերապատրաստվեն դասախոսներ, փոխադարձ կշնորհվեն գիտական կոչումներ, կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ, կհրատարակվեն համատեղ գիտական աշխատանքներ։
Սրբուհի Գևորգյանն ակնկալում է գործնական փոխներգործություն․ բուհը տարբեր ձևաչափերով մշտապես համագործակցել է պաշտպանական տարբեր կառույցների հետ։
Ռեկտորը կարևորվում է մանկավարժական մայր բուհի մասնակցությունը էթնիկ տեսակի պահպանման, ազգանվիրության, մատաղ սերնդի ռազմական պատրաստվածության գործում։
Բուհի ղեկավարը վստահեցրեց՝ անկախ ոլորտների տարբերությունից, երկու բարձրագույն ուսումնական հաստատությունները կփոխլրացնեն միմյանց․ Մանկավարժական համալսարանը պատրաստակամ է փոխշահավետ գործընկերության․«Բուհը տարածաշրջանում ունի նաև եզակի լաբորատորիա, ինչը կարող է հետաքրքիր և արդյունավետ լինել ռազմական ոլորտում»։
ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ցավով է նկատում՝ կրթության ոլորտում խնդիրները շատ են, կրթական որակը՝ ցածր։
Լիահույս է, որ ՀՊՄՀ դասախոսների աջակցությունը, տարատեսակ ձևաչափերով մանկավարժական հմտությունների փոխանցումն ու, ինչո՞ւ ոչ, Մանկավարժականում ռազմական համալսարանի դասախոսների կրթության շարունակականության ապահովումը կտա իր ցանկալի պտուղները․«Կունենանք մասնագետ, որը դաշտային, զորային փորձից բացի, կունենա մանկավարժական կարողություններ, կտիրապետի հաղորդակցման հմտություններին և ուսուցման նորարարություններին»։
Արթուր Երոյանը կարևորեց նաև մի շարք առարկաների գծով ռազմական համալսարանի ուսանողների ներգրավվածությունը ՀՊՄՀ դասապրոցեսին, համատեղ լաբորատոր աշխատանքների կազմակերպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մեթոդական աջակցության, մասնագիտական փոխօգնության և խորհրդատվութան, մագիստրոսական կամավոր աշխատանքների հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ամառային դպրոցների կազմակերպումը և այլն։