Հոկտեմբերի 25-26-ը ՀՊՀՄ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանը մասնակցեց ՀՀ վերականգնողական ծառայությունների և աջակցող տեխնոլոգիանների ռազմավարության ու գործողությունների պլանի ամփոփիչ աշխատաժողովին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ նախաձեռնել էր օժանդակելու մեր երկրում վերականգնողական բուժօգնության և աջակցող տեխնոլոգիաների ազգային ռազմավարությանն ու գործողությունների պլանի մշակմանը:
ՀՀ-ն պարտավորվել է ընդլայնել վերականգնողական ծառայությունների և աջակցող տեխնոլոգիաների տրամադրման հասանելիությունը բոլորի համար՝ համընդհանուր առողջապահության ծածկույթի պարտավորություններին և ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին համահունչ:
ՀՊՄՀ-ն այս առաքելության շրջանակում մասնակից միակ բուհն է․ ծրագիրը ենթադրում է կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայի գաղափարախոսությանը համապատասխան։
ԱՀԿ-ի առաքելության շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև աջակցող տեխնոլոգիաների կարողությունների գնահատման զեկույցի ամփոփմանն ու առաջարկությունների ներկայացմանը, ինչպես նաև համայնքային ռեսուրների և երկարատև խնամքի ծառայությունների քարտեզագրմանը, հզորացմանը։
Ի դեպ, առաքելության պատվիրակության կազմում էին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ-փորձագետներ։
Ամփոփիչ փաստաթուղթը ԱՀԿ-ն կներկայացնի ՀՀ կառավարությանը: