ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարանականների այցը դպրոց
22.02.2022
Համալսարանականների այցը դպրոց

Մայրենի լեզվի միջազգային օրվա և ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն այցելել էր Երևանի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոց՝ հանդիպելու ուսուցիչների և աշակերտների հետ:

Ի դեպ, կրթական հասատատության համար ևս տարին հոբելյանական է. նշում է հիմնադրման 190-ամյակը:

Հանդիպմանը մասնակցում էին Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը, Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյանը, Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ, կինոդրամատուրգ Լևոն Գալստյանը:

Դպրոց կատարած այցի ընթացքում բուհի ներկայացուցիչները համոզվեցին՝ աշակերտներն անտարբեր չեն մայրենի լեզվի արդի խնդիրների նկատմամբ՝ ինտերնետ հաղորդագրությունների լատինատառ իրականություն, արդի բացատրական բառարանների բացակայություն, հեռուստասերիալների լեզվի աղճատվածություն և այլն:

Մայրենիի դասագրքի համահեղինակ Աշոտ Գալստյանը հայոց լեզվի դաս վարեց 8-րդ դասարանում ՝ պատասխանելով աշակերտներին հուզող մի շարք հարցերի:

Դպրոցի ղեկավարությունը ցանկություն հայտնեց էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՊՄՀ-ի, մասնավորապես՝ Կուլտուրայի ֆակուլտետի հետ. առաջիկայում՝ բուհի 100-ամյակի և դպրոցի 190-ամյակի տոնակատարությունների շրջանակում կկնքվի համագործակցության հուշագիր: