ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային թրենդ է»
20.02.2017
«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային թրենդ է»

Մանկավարժական համալսարանում կայացավ Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրի երկօրյա մեկնարկային հանդիպումը:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ: Այն համակարգում է Մանկավարժական համալսարանը:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, որը կարևորեց վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը Էրազմուս+ ծրագրերին:

Փոխնախարարը դրական համարեց միտումը, որ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը.«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային թրենդ է.ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային է միջազգայնացմանն ուղղված աշխատանքները: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս կարևորում են իրենց գործառույթներն ու կարևոր քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»:

Կարինե Հարությունյանը կարևորեց նաև, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրին հայաստանյան բուհերից բացի, մասնակցում են նաև եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ:

Եռամյա ծրագրի համակարգող բուհի՝ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանն իր ելույթում նշեց, որ բուհը միջազգային ծրագրեր ղեկավարելու բավականին լուրջ փորձ ունի:

Պրոռեկտորը վստահեցրեց՝ Հայաստանում միջազգային փորձը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ: Կստեղծվի ազգային հարթակ, կուժեղացվեն ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուսները.««Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագիրն ընդգրկում է լայն շրջանակ և նպատակաուղղված է ամենատարբեր գործընթացների միջազգայնացմանը»,-հավելեց Արա Երեմյանը:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան վստահ է՝ ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումն ու ազգային ծրագրի արդյունավետությունը հնարավոր է մասնակիցների համագործակցության և համապատասխան քայլեր ձեռնարկելու շնորհիվ:

Լանա Կարլովան կարևորեց, որ եռամյա ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերն ու ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները իրականացնեն ծրագրով նախատեսված դրույթները, համագործակցեն Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերների հետ՝ վերջիններիս միջազգայնացման հարուստ փորձը ներդնելով ազգային ծրագրում:

ՀՊՄՀ-ի Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն էլ old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ բուհերի միջազգայնացման համար նախևառաջ մշակվելու է ազգային ռազմավարություն, համապատասխան մարքետինգային գործիքակազմ, որը կբարձրացնի համալսարանի տեսանելիությունը միջազգային մակարդակում:

«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրի մեկնարկային հանդիպմանը հայաստանյան և արտասահմանյան մասնակից բուհերի ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի ընթացքը, խնդիրները, նպատակներն ու մանրամասնեցին միջազգայնացման գործընթացների իրականացմանը միտված իրենց հիմնական քայլերը:

Ծրագրի կոնսորցիումն ընդգրկում է 12 անդամ, ներառյալ՝ 5 հայաստանյան համալսարաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաև 5 եվրոպական ծրագրային երկրներ: