ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համերգ-հանդիպում ՝ Մանկավարժականում
17.06.2025
Համերգ-հանդիպում ՝ Մանկավարժականում

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Լևոն Կոջոյանի անվան ցուցասրահում տեղի ունեցավ համերգ-հանդիպում ամերիկահայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Մարի Սարգյան-Չինկեզյանի հետ։

Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Գևորգյանի և Մարի Սարգյան-Չինկեզյանի առցանց հանդիպումներից է ծնվել համագործակցությունն ու այսօր Մանկավարժական համալսարանում կայացած համերգ-հանդիպումը։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, երաժիշտներ, ուսուցիչներ, բանաստեղծներ, Մարի Սարգյան-Չինկեզյանի ուսանողական ընկերները, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Այն վարում էր Անահիտ Գևորգյանը, որը նաև հանրակրթական դպրոցական երաժշտության դասագրքերի հեղինակ է։

Մշակութային գեղեցիկ միջավայրում ամերիկահայ կոմպոզիտորը կատարեց իր հեղինակային երգերից, որոնց մի մասը զետեղվել է երաժշտության դասագրքերում։

Կոմպոզիտորի երգերը կատարեցին նաև տարբեր դպրոցների և երաժշտախմբերի մասնակցող փոքրիկներ, դաշնամուրային նվագակցությամբ հանդես եկան «Երաժշտական կրթություն» բաժնի մագիստրատրոսները։ Ներկաները փոքրիկների կատարմամբ ըմբոշխնեցին ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Մարի Սարգյան-Չինկեզյանի «»Սեպտեմբերի 1», «Պիտի ընկերանանք», «Ով եմ ես», «Ընկեր» և մյուս մանկական երգերը իր և Մանկավարժական համալսարանի ուսանողների դաշնամուրային նվագակցությամբ։

Հանդիպման ընթացքում ամերիկահայ կոմպոզիտորը խոսեց իր ծննդավայր Այնթափի և արմատների մասին, պատասխանեց ուսանողների հարցերին, հանդես եկավ ներկայացվող երգերի մասին հետաքրքիր պատմություններով։