Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժություն բաժնի շրջանավարտների հաշվետու համերգը:
2017-2018թթ.ավարտական կուրսի ուսանողների՝ պարուսույց-մանկավարժների և բաեմադրիչների նոր սերնդի մուտքը պրոֆեսիոնալ պարարվեստի աշխարհ այս տարի նշանավորվեց ամերիկյան «Քայլ առաջ», Մուհսին Մատիի «Հազար ու մի գիշեր» և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» խորեոգրաֆիկ ներկայացումներով:
Պարային անսովոր, բայցև յուրատիպ լուծումներով ներկայացվեց դեպքերն ու իրադարձությունների կենտրոնը՝ ամերիկյան փողոցները, ուր ոճային պարողները փնտրում և գտնում են խմբի համար անչափ կարևոր պարողի: Բազմաշնորհ աղջիկը հայտնվում է սիրելի տղայի և եղբոր խաղի միջև, որն ավարտվում պարի լեզվով համերաշխության և ընկերության հաղթանակով:
Պարարվեստի ապագա մանկավարժները յուրահատուկ լուծումներով ներկայացրին նաև Մուհսին Մատիի «Հազար ու մի գիշեր» խորեագրաֆիկ ներկայացումը՝ անդրադարձ կատարելով արաբական աշխարհին նրա սովորություններին ու կոլորիտին:
Սերգեյ Փարաջանովը պարասերներին այս անգամ ներկայացավ կինոմատոգրոֆիայի գլուխգործոցներից «Նռան գույնով»՝ հագեցած հոգեբանական, ազգագրական հզոր լիցքերով: Հաջողվել էր պարային բեմադրության մեջ ևս հավատարիմ մնալ փարաջանովյան ձեռագրին և սիմվոլների վերլուծությամբ հասնել սիրո և հոգու ազատության:
Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը բարձր գնահատեց շրջանավարտների և կուրսի ղեկավար, դոցենտ Գոհար Աբրահամյանի համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ շուրջ 1 տարվա եռանդուն աշխատանքի արդյունքն այնքան մեծ է, որքան շռնդալից են այսօրվա հանդիսատեսի ծափողջույնները:
«Աշխարհս մե փանջարա է (պատուհան). այս համերգը մի պատուհան է դեպի մեր ուսանողների վաղվա օրը, հայոց հոգին, Կոմիտասի աստվածային մեղեդին, Նարեկացու աղոթքներ, երազանքների բարձրագույն կետ: Այս լուսեղեն հորձանքը, որին ուսանողները կամովի են հանձնվել, որ կոչվում է պար»,-իր խոսքում նշեց Կարեն Գևորգյանն ու բարի երթ մաղթեց պարուսույցների նոր սերնդին:
Դոցենտ Գոհար Աբրահամյանը հուզված է և հպարտ. պարարվեստի անսահման աշխարհ ոտք են դնում նոր ու պրոֆեսիոնալ պարողներ, որոնք համերգին դրսևորեցին իրենց հոգու և ներաշխարհի արտացոլումը:
«Պատվիրում եմ ձեզ անաղարտ պահել պարարվեստի 3 կարևոր սկզբունքները՝ պարզությունը, ճշմարտացիությունը և բանականությունը: Ես կորցրեցի ձեզ այնտեղ, ուր դուք անէացաք ձեր և տիեզերքի, հոգու և բնության անսահմանության մեջ»,-հավելեց Գոհար Աբրահամյանը:
Նշենք, որ Պարարվեստի մանկավարժության ամփոփիչ ատեստավորման քննությունը գնահատում էր հանձնաժողովը` ՀՀ վաստակավոր գործիչ Մինաս Խաչատրյանի նախագահությամբ:
Համերգին ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պարարվեստի ոլորտի ականավոր գործիչներ, արվեստասեր հյուրեր, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: