Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և գործիքային կատարողականության բաժնի ուսանողները մեծամասշտաբ համերգներով հանդես են գալիս հանրապետության տարբեր դպրոցներում:
Այս անգամ աբովյանականները հյուրընկալվել էին Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում:
«Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով կենդանի հնչողությամբ համերգին բազմաժանր կատարումներով հանդես եկան ազգային նվագարանների (ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան), փողային-էստրադային (ղեկավար՝ Երաժշտության ամբիոնի դոցենտ Կոլյա Մարտիրոսյան) և ջազ-բենդ (ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյան) նվագախմբերը, ինչպես նաև քանոնահարների՝ (ղեկավար՝ պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյան), դուդուկահարների (ղեկավար՝ պրոֆեսոր Հրաչիկ Նազարյան) և դհոլահարների (ղեկավար՝ Արազ Օրդինյան) սաքսոֆոն- կլարնետահարների (ղեկավար՝ Սևադա Շհոյան) անսամբլները:
«Այսօր հանրակրթության ոլորտում աշակերտների գեղագիտական դաստիարակության մեծ բաց կա: Արվեստի հետ նման կենդանի շփումները մեծապես նպաստելու են մեր աշակերտների մարդկային տեսակի ճշմարիտ ձևավորմանը՝ նրանց հոգիներում դեռ երկար անթեղված պահելով արվեստի հեքիաթային աշխարհը»,-դպրոցում կայացած համերգի բացմանը նշեց Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյանը:
Երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, old.aspu.am-ի հետ զրույցում, նշեց՝ իր ղեկավարած կառույցը հաճախ է հանդես գալիս նման նախաձեռնություներով: Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում կայացած համերգն առանձնահատուկ էր. այս անգամ մի շարք գործեր ղեկավարում էին ուսանողները:
Արա Գևորգյանը հավելեց, որ միջոցառումների ընթացքում աշակերտները ծանոթանում են 100-ամյա բուհի պատմությանն ու ներկայիս գործունեությանը, ինչն էլ հաճախ օգնում է նրանց մասնագիտական կողմոնորշման հարցում:
Հոբելյանական համերգաշարի աշխարհագրությունը մեծ է. համերգներ տեղի կունենան Հայաստանի մի շարք մարզերում՝ ունկնդիրներին տեղափոխելով գործիքային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: