ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համընդհանուր ներառականության խնդիրները ` միջազգային գիտաժողովում
30.10.2024
Համընդհանուր ներառականության խնդիրները ` միջազգային գիտաժողովում

ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց միջազգային երկօրյա գիտաժողով:

«Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով գիտական ձեռնարկի նպատակն էր քննարկել ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական հարցեր։

Ձեռնարկը համախմբել էր գիտնականներ, հատուկ կրթության ոլորտի մասնագետներ, առաջնորդներ, ուսանողներ՝ Հայաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից՝ վերհանելու կրթության զարգացման նոր ուղիներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, որոշ շեշտադրումներ արեց ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ։

Նախարարի տեղակալը, որը նաև ՀՊՄՀ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ է, նկատեց՝ մեր երկրում ներառական կրթությունը շուրջ 20 տարի իրականացվում է պետական մակարդակով՝ տարածաշրջանում համարվելով լավագույն փորձ ունեցող երկրներից մեկը։ Հավելեց՝ արտաքին ցուցանիշներում ունենք բազմաթիվ հաջողություններ, սակայն որակականում բազմաթիվ են նաև խնդիրները, որոնք գուցե հանրավոր լինի լուծել գիտաժողովի շրջանակներում ներկայացվող զեկուցումների և քննարկումների միջոցով։

Արաքսիա Սվաջյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ մեր երկրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8800 երեխա կա, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում և շուրջ 500-ը՝ 7 հատուկ դպրոցում։

Արաքսիա Սվաջյանը լուրջ խնդիր համարեց այն, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից շատերը ներառված չեն կրթական գործընթացում, դպրոցն էլ իր հերթին չի բավարարում նրանց կարիքին համապատասխան միջավայրի, ծառայությունների և կրթության ապահովումը։ Նշեց՝ այս առումով հանրապետության 3 դպրոցում պիլոտային ծրագիր են իրականացնելու․գիտակցում են նաև հնարավոր ռիսկերը և ամեն ինչ անում՝ դրանք չեզոքացնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը անդրադարձավ նաև մանկավարժական կրթությանն ու կարևորեց այն, որ Մանկավարժական համալսարանում ուսուցչի որակավորում ստացած ցանկացած մասնագետի տրվում են ներառկան կրթության վերաբերյալ հիմնարար, բազային գիտելիքներ․«Մենք հաջողություններ չենք ունենա և առաջ չենք շարժվի, եթե չխոսենք խնդիրների մասին։ Տարբեր երկրներում հնարավորություն եմ ունենում ներկայացնելու այս ոլորտը․ զարգացած երկրները դրական են արձագանքում մեր հաջողություններին»,-ամփոփելով իր խոսքը՝ նշեց Արաքսիա Սվաջյանն ու կարևորեց մասնագիտական դաշտից եկող արձագանքն ու կարծիքները։

«Ներառականության քաղաքականությունը բարդ ու բազմաֆունկցիոնալ հասկացություն և համակարգ է։ Սովորաբար այն ընկալում ենք հատուկ կարիք ունեցող անձի կարիքի բավարարման առումով, այնինչ խնդիրը շատ ավելի գլոբալ է և կապված ժամանակակից հասարակության ներառման կարողությունների հետ։ Եթե մենք հաշվի չառնենք այն սոցիալ-հոգեբանական իրողությունը, որի մեջ գտնվում ենք, և այն սոցիալ-հոգեբանական բաղադրիչները, որոնք կտրուկ փոփոխության են ենթարկվել հատկապես այս վերջին տարիներին, մենք չենք կարող գտնել այն հստակ ուղիները, որոնցով պայմանավորված՝ որոշակի լուծումներ կառաջարկենք»,- ողջույնի իր խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու վստահություն հայտնեց՝ գիտաժողովը և բովանդակությամբ, և ձևաչափով տարբերվելու է մի շարք այլ միջազգային գիտաժողովներից, որոնք տեղի են ունեցել համալսարանում։

Նա նկատեց՝ ժամանակակից բոլոր հետազոտությունները, որոնք անդրադառնում են սերունդների տեսության ներկայացուցիչների մտորումներին, փորձում են հասկանալ՝ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել անձի հոգեկան տիրույթում, մտավոր կարողությունների, ընդունակությունների, զարգացման օրինաչափությունների առումով։

Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ նաև բուհում իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացին և վստահեցրեց՝ քաջ գիտակցում են իրենց առաքելությունը, պատրաստակամ են ոչ միայն ընդառաջ գնալ մարտահրավերներին, այլև մշակել ուսումնական նոր պլաններ, իսկ մասնագիտական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացնել պրոֆեսիոնալ առավել լայն քննարկման։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը հույս հայտնեց, որ միջազգային գիտաժողովի արդյունքում կվերհանվեն այն խնդիրները, որոնք առկա են հատուկ մանկավարժների, և առհասարակ, մանկավարժների պատրաստման գործընթացում։ Նա ակնկալում է համագործակցության այնպիսի հնարավորություններ, որոնք կրթության հասանելիության միջավայրում թույլ կտան հասնել նոր հաջողությունների։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ խոսեց համընդհանուր ներառական կրթության մարտահրավերների ու խոչընդոտների մասին՝ ընդգծելով՝ երեխաները պետք է ճանաչեն միմյանց բազմազանությունը․այն արժեք է և վերաբերմունք․«Երբ խոսում ենք փոփոխվող կրթությունից, պետք է ոչ միայն դիտարկենք նորագույն տեխնոլոգիաներն ու նոր մեթոդները, այլ բոլորի համար որակյալ ու մատչելի կրթություն ապահովելը։ Այդ է պատճառը, որ համընդհանուր ներառական կրթությունը փոփոխվող կրթության կարևոր հիմնասյուներից մեկն է՝ իր բոլոր բաղադրիչներով»։

Լիլիթ Մնացականյանը բարձրաձայնեց՝ շատ հաճախ խոսելով կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին՝ կենտրոնանում ենք նրանց վրա, ում կարիքներն արդեն գնահատված են, մինչդեռ պետք է դիտարկել բոլոր երեխաներին, որոնց կրթության իրացման համար անհրաժեշտ է ստեղծել խելամիտ հարմարություններ։

Բանախոսն անդրադարձավ նաև ոլորտի հաջողություններին և մատնանաշեց մի շարք մարտահրավերներ, որոնք պայմանավորված են տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների պակասի, համընդհանուր միջավայրի ձևավորման և այլ գործոններով։

«Ներառական կրթությունը մի ճանապարհ է, որի դեռ փոքր մասն ենք անցել»,- «Ներառական կրթության մարտահրավերները» խորագրով պլենար քննարկմանը նշեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Մարիաննա Հարությունյանն ու հույս հայտնեց, որ բանախոսների միջոցով կհասկանան՝ ոլորտում ունեցած հաջողությունները, առկա խնդիրներն ու աշխատանքի ընթացքում հանդիպած ներառական մարտահրավերները։

Իրենց տեսակետներն ու կարծիքները թեմայի վերաբերյալ ներկայացրին ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարատիկյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը, Երևանի թիվ 3 ՏՄԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը, «Կողք կողքի» ՀԿ նախագահ Նաիրա Սարգսյանը, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանը և կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխայի մայր Ալինա Կարապետյանը։

Մարիաննա Հարությունյանն ամփոփեց ներկայացված մարտահրավերները, մասնավորապես՝ ուսուցչի, կրթական աշխատողների, ՏՄԱԿ-ների համագործակցված աշխատանքի ուժեղացման, ուսուցիչներին և ընտանիքներին ցուցաբերվող աջակցության, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների և օրենքների կիրառության, ներառական կրթության գործիքակազմի նորացման վերաբերյալ։ Ինչպես նաև՝ հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերակազմավորման ռիսկերի, ներառական խնդիրներին համալիր մոտեցման, խելամիտ ֆինանսավորման ու դրանց դեռևս անբավարարության, կրթական հաստատությունների պրոֆեսիոնալ կառավարման, ներառական խնդիրներն ընկալող հասարակության ձևավորման, հատուկ կարիքներով երեխա ունեցող ծնողներին հանդիպող դժվարություններիի, ծնող-մասնագետ-ուսուցիչ համատեղ աշխատանքի և այլ հարցերի շուրջ։

«Յուրաքանչյուր հաջողության հետևում այսօր կանգնած է ծնողը։ Ես երազում եմ, որ տարիներ հետո կարողանանք ասել՝ յուրաքանչյուր հաջողված փորձի հետևում դպրոցն է և ուսուցիչը»,-ամփոփելով պլենար քննարկումը՝ նշեց Մարիաննա Հարությունյանը։

«Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով գիտական ձեռնարկը շարունակվեց հայ և արտասահմանյան մասնագետների՝ ոլորտին առչնվող զեկույցներով, հետազոտական աշխատանքների ներկայացմամբ։

Գիտաժողովի առաջին օրն ամփոփվեց ինտերակտիվ վարպետաց դասերով․միջազգային ձեռնարկը կշարունակվի վաղը։