Կայացավ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հանդիպումը բուհի ամբիոնների վարիչների հետ: Աշխատանքային հանդիպման նպատակն էր ներկայացնել ուսումնասիրության արդյունքում վերհանված գործող ուսումնական պլանների խնդիրները, համատեղ քննարկել դրանց բարելավման ուղիներն ու սկզբունքները։
Բուհի ղեկավարը վստահեցրեց՝ նման հանդիպումներ հաճախ են լինելու, նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովը լուրջ աշխատանք է կատարել և վեր են հանվել տարբեր խնդիրներ։
Սրբուհի Գևորգյանը կարևորեց ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ընդգծելով մանկավարժական, ուսուցչական մասնագիտությունների դեպքում մի շարք դասընթացների ուսումնական պլանների միասնական մոտեցման կարևորությունը։
Ռեկտորը խոսեց նաև ուսումնական պլաններում առկա լսարանային ժամերի տեսական և գործնական պարապմունքների ոչ նպատակահարմար հարաբերակցության, բակալավրիական ՄԿԾ-ների ուսումնական պլաններում հետազոտական կարողությունների ձևավորմանն ուղղված առարկաների առկայության, մանկավարժահոգեբանական բլոկի ավելացման մասին․ «Ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է հասկանալ՝ տվյալ դասընթացն ինչքանով է նպաստում ապագա ուսուցչի, մանկավարժ-մասնագետի կարողունակությունների, սահմանված կրթական վերջնարդյունքների ձևավորմանը»,-նշեց Սրբուհի Գևորգյանը։
Ամբիոնների վարիչների հետ հանդիպմանը ուսումնական պլանների բարելավման ուղղությամբ դիտարկումներ ներկայացրեց նաև Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։
Նա նշեց, որ ուսումնասիրվել են բակալավրիատի բոլոր՝ 38 մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանները, որոնցից 22-ը՝ մանկավարժական մասնագիտությունների գծով։ Եվ մտահոգիչ համարեց «Մանկավարժություն» մասնագիտությունների ՈԱՇ-ի բնութագրիչներին ուսումնական պլանների համապատասխանության խնդիրը, մեր և արտերկրի բուհերում համարժեք մասնագիտությունների ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների անվանումների միջև անհամապատասխանությունը և այլն։
Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց քայլեր, որոնք իր կարծիքով, կնպաստեն ուսումնական պլանների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում ներկաները լսեցին նաև «Տարիքային անատոմիա, ֆիզիոլոգիա և դպրոցական հիգիենա» դասընթացն ուսումնական պլաններում ընդգրկելու մասին Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության համահամալսարանական ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանի առաջարկը։
Վերջինս կարևորեց առարկան՝ մանկավարժական կոմպետենցիաների զարգացման, գիտելիքներ փոխանցելու ուսումնական գործընթացի արդյունավետության տեսանկյունից, նկատելով՝ մանկավարժական բազմաթիվ խնդիրների լուծման համար առանցքային են համարվել սովորողների ֆիզիոլոգիական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները։
Նարինե Սահակյանը դասընթացի ներդրումը մանկավարժ պատրաստող բուհի մի շարք ֆակուլտետների համար առանցքային և հրատապ համարեց․ սեփական ուսումնասիրության արդյունքում է համոզվել՝ առաջատար մանկավարժական մի շարք բուհեր վաղուց իրենց ուսումանական պլաններում ներառել են դասընթացը։ Մեր երկրում մանկավարժ պատրաստող միակ բուհը չպետք է բացառություն լինի․ «Դասընթացն ուսուցչի համար անհարժեշտ է անկախ իր նեղ մասնագիտությունից։ Այն կարևոր է նաև հանրային և ներառական կրթության միավորման պայմաններում, ուսումնական հաստատություններում այդ ուղղությամբ գիտելիքների բացակայության պատճառով հաճախ հանդիպող սխալներից խուսափելու տեսանկյունից»։
Հանդիպման ընթացքում եղան նաև ելույթներ և առաջարկներ, մասնավորպես՝ Կուլտուրայի ֆակուլտետի մի շարք մասնագիտություններում մանկավարժական կրթական բաղադրիչի ավելացման, նոր դասընթացներ ներդնելու, պրակտիկան նաև մագիստրատուրայում ներառելու և այլն։