«Մենք կարևորում ենք, որ այս դժվարին ժամականերում ձեր մասնագիտական նկրտումները, գիտական ոլորտում զարգացումները տեսնում եք Մանկավարժական համալսարանի տիրույթում։ Դուք եք լինելու այն հաջորդ սերունդը, որ լուծելու է կրթության ոլորտում առկա բարդագույն խնդիրները, այդ թվում՝ մանկության սուբյեկտի փոփոխության հետ կապված մարտահրավերները։ Չափազանց կարևոր է, որ կրթության նորարարական հարացույցում պահպանեք ազգայինի լավագույն հենքը, իսկ երեխայի, աշակերտների հետ մանկավարժական հաղորդացման մեջ՝ ընկալման համարժեքությունը»,- 2023-2024 ուստարվա ասպիրանտների և հայցորդների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Ռեկտորը վստահ է, որ ներկաները կիրագործեն մասնագիտական տիրույթում դրված նպատակները, փորձառությունն էլ կնպաստի իմացական պահանջմուքների բավարարմանը։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձավ այն փոփոխություններին, որ կրել է ուսուցչի մասնագիտությունն ու գործունեությունը, խոսեց առաքելության և ծառացած մարտահրավերների մասին և հույս հայտնեց, որ երիտասարդ գիտնականները մեծ հաջողություններ կգրանցեն գիտահետազոտական գործունեության մեջ։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ասպիրանտներին և հայցորդներին ներկայացրեց բուհի գիտական գործունեությունը և ընդգծեց՝ այս տարի դիմորդների աննախադեպ ցուցանիշ են գրանցել։ Նա խոստացավ նման հանդիպումներն առավել հաճախ կազմակերպել, և հավելեց, որ ոլորտում արդեն կայացած մասնագետների հետ աշխատանքը ստիպում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն էլ վստահեցրեց՝ Մանկավարժականում մշտապես պատրաստ են լսել և աջակցել երիտասարդ գիտականներին։ Բուհում առկա է գիտականության այն մթնոլորտը, որ կօգնի իրականացնել բոլոր սպասումները․ միայն թե ցանկություն լինի։
Պրոֆեսորի դիտարկմամբ՝ 21-րդ դարում հաջողակ լինելու համար պետք է լինել համագործակցային, ռեֆլեքսիոն, մասնակցային անձ, որ կարող է ստեղծել միասնական միջավայր, վերլուծել իր գործունեությունն ու համապատասխան եզրակացություններ անել, ինչպես նաև դեռ ասպիրանտական տարիներից ներդրում կատարել մասնագիտության մեջ՝ տեղյակ լինելով կրթական քաղաքականության բոլոր շերտերին։
Աիդա Թոփուզյանը, որ նաև նախագահում է մանկավարժության մասնագիտական խորհուրդը, մտահոգիչ համարեց ատենախոսությունների թեմաների ոչ ամբողջական լինելը․ նպատակն ու եզրակացությունը հաճախ չեն համընկնում։ Վստահեցրեց՝ պատրաստ են անել հնարավորինը․ մանկավարժության ոլորտում իրենց փոխարինողները պետք է լավագույնը լինեն։
Պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը նկատում է՝ ժամանակի մեջ է համոզվել ՝ Մանկավարժականը հանրապետության առաջատար հետազոտական բուհն է, որն ապահովում է գիտության շարունակականությունը։
Նա խորհուրդ տվեց ասպիրանտներին և հայցորդներին հետազոտական, ստեղծագործական աշխատանք կատարելու կարողություն ունենալու դեպքում միայն շարունակել մնալ ոլորտում․ գիտական հետազոտությունը ծանր, աշխատատար, պատասխանատու և մեծ ներուժ պահանջող աշխատանք է․ «Մեկ անգամ ևս ինքնառեֆլեքսիայի ենթարկեք ձեզ և շարունակեք ձեր հետազոտական աշխատանքը»,-ասաց պրոֆեսորը՝ մաղթելով հաջողություններ և մասնագիտական առաջընթաց։
Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Պողոսյանն էլ հանդիպման ընթացքում նշեց՝ բոլոր այն մարդիկ, որ անցել են հետազոտական աշխատանքը գրելու ճանապարհը, կարող են խորհրդատուներ լինել։ Նրա դիտարկմամբ՝ գիտական աշխատանք գրելու ընթացքում մանկավարժական թեզերն են, որ աշխատանքը կդարձնեն կենդանի, կիրառական, պիտանի հասարակական զարգացումներին։
Դոցենտ Սուսաննա Սիսյանն էլ կարևորեց ուսումնական գործընթացի սկզբունքները, մեթոդների, միջավայրի, գործառույթների ուսումնասիրումն ու մաղթեց համագործակցային աշխատանք։