Հոկտեմբերի 7-11-ը Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում Լիսաբոնի տեխնիկական համալսարանում կազմակերպվել էր միջազգայնացման շաբաթ և համակարգման հանդիպում:
Ձեռնարկին մասնակցում էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի պետական համալսարաններից, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնից 13, ինչպես նաև այլերկրների մասնակիցներ: Մանկավարժական համալսարանից միջազգայնացման շաբաթ ծրագրին և համակարգման հանդիպմանը մասնակցում էին Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն ու բաժնի աշխատակից Գոհար Առաքելյանը:
Միջազգայնացման շաբաթվա ընթացքում մասնակիցները ծանոթացան Լիսաբոնի տեխնիկական համալսարանի միջազգային բաժնի կառուցվածքին, ռազմավարությանը, իրականացվող աշխատանքներին, առկա միջազգային ծրագրերին, օտարերկրյա ուսանողների ընդունելության ընթացակարգին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի նոր հնարավորություններին:
Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցել միջազգային տոնավաճառի, որտեղ բուհերի ներկայացրին իրենց մասնագիտությունները, առկա ծրագրերը և այլն: ՀՊՄՀ-ի Միաջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ձեռնարկները նպաստում են տարբեր երկրների բարձրագույն ուսունական հաստատությունների հետ նոր համագործակցության հաստատմանը:
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում անցկացվեց նաև ծրագրի համակարգման հանդիպում, որի ընթացքում քննարկվեց ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ծրագրի հետագա գործողությունների շրջանակը, ինչպես նաև աշխատանքային հաջորդ հանդիպման վերաբերյալ մի շարք մանրամասներ:
Նշենք, որ Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/ ծրագրի համակարգողը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից: