Օրերս Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագրի շրջանակներում Մոսկվայի տեխնոլոգիայի և ֆիզիկայի ինստիտուտում կայացավ ծրագրի մեկնարկային հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանները Անգլիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լատվիայից, Բելառուսից և Հայաստանից:
ՀՊՄՀ-ից հանդիպմանը մասնակցում էին բուհի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դասախոս Սվետլանա Մինասյանը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի ավագ մասնագետ Արևիկ Ղազարյանը:
Հանդիպման առաջին օրը ծրագրի համակարգող Լատվիայի համալսարանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները, իսկ մասնակից համալսարանները՝ իրենց համալսարանների գիտահետազոտական գործունեությունը և հետազոտության հիմնական ուղղությունները:
Հանդիպումը շարունակվեց երեք խմբերի զուգահեռ աշխատանքով՝ քննարկելով համագործակցությունը հետազոտության ոլորտում, հետբուհական կրթությունը, ինչպես նաև ծրագրի վարչական և կազմակերպչական խնդիրները:
Նշենք, որ Էրազմուս+ MODEST-ը (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) եռամյա ծրագիր է, որի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: