Այսօր ՀՊՄՀ ներկայացուցիչները ԵՊՀ-ում մասնակցեցին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների եւ պրոռեկտորների հետ հանդիպմանը։ Բուհից մասնակցում էին Աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։
Գերմանիայի բուհերի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:
Գերմանական 19 բուհերի ղեկավարները Մայր բուհում հյուրընկալվել էին Հայաստանի ինը համալսարանների հետ կրթական եւ գիտական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով։
Բարձրագույն կրթության ոլորտի գերմանացի գործընկերները վստահ են, որ երկու երկրների միջև ամուր համագործակցության հնարավորությունները մեծ են։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին Գերմանիայի 19 նշանավոր բուհերի, այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ռեկտորներն ու պրոռեկտորները: Հայաստանից մասնակցում էին Հայկակական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, , Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի եվրոպական, Հայաստանի ամերիկյան, Գավառի ու Վանաձորի պետական համալսարանների ներկայացուցիչները։