«Հայաստանի բազմավաստակ և տաղանդավոր գրողների մի ստվար մասը մեր համալսարանի շրջանավարտներ են՝ Արամայիս Սահակյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան»,-հպարտությամբ նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Դավթյանը «Գրական թերթ»-ի աշխատակազմի հետ հանդիպմանը:
Պրոֆեսորն իր ուրախությունը հայտնեց «Գրական թերթ»-ի աշխատանքային գործելաոճի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նպաստում է հանրապետությունում գրական կյանքի աշխուժացմանը:
«Գրական թերթ»-ի աշխատակազմի հետ հանդիպումը խմբագրակազմի անդամ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի մտահղացումն էր, ով ապագա գրականագետ իր ուսանողներին հնարավորինս կապել է թերթի հետ. այսօր արդեն Բանասիրական ֆակուլտետի երկու տասնյակ ուսանող բաժանորդագրվել և կարդում է «Գրական թերթ», ծանոթանում գրական կյանքի անցուդարձին, նորություններին ու թարգմանական գրականությանը:
Պրոֆեսոր Դոլուխանյանը ներկայացրեց սերնդակրթության գործում թերթի դերն ու առաքելությունը, հիշեց տարբեր տարիների խմբագիրներին, նաև Մանկավարժական համալսարանի երախտավորներից Արշալույս Բաբայանին, ով թերթը խմբագրել է Հայրենական պատերազմի տարիներին:
«Շատ լավ է, որ գրական դաշտում բոլորդ նայում եք նույն պատուհանից», -դիմելով թերթի աշխատակազմին՝ նշեց Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Նա առանձնացրեց ներկայիս խմբագիր Կարինե Խոդիկյանի՝ հասարակության հոռի բարքերի ու երևույթների հանդեպ անչար բարությունն ու նրբին վերաբերմունքը, հասարակական տարբեր շերտերի հանդեպ ճշմարտացի վերաբերմունքն ու անկողմնակալ մոտեցումը՝ ամփոփելով. «Թերթը ծառայում է մեր գրական մտածողության զարգացմանն ու ներքին խութերի հաղթահարմանը»:
Սուրեն Դանիելյանը ցանկություն հայտնեց, որ թերթում ուսանողներն ունենան իրենց գրական պատուհանը, իսկ Մարտին Գիլավյանն էլ հավելեց, որ թերթում քիչ են քննադատական հոդվածները, և վաղուց ժամանակն է փակել խոտանի ճանապարհը:
Հանդիպմանը ներկա էր նաև թերթի խմբագիր, արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ով նախ ներկայացրեց աշխատակազմին, ապա անկեղծորեն խոստովանեց, որ նման հանդիպումները պատավորեցնող են և սթափեցնող:
Անդրադառնալով մեր իրականության մեջ գրամոլության երևույթին՝ խմբագիրը նկատեց՝ այսօրվա գրական խոտանի դեմ պատնեշ կառուցողները պետք է լինեն գրականագետները. «Հաստիքավոր մարդը միայնակ չի կարող պայքարել դրա դեմ. քննադատական մթնոլորտը պետք է ստեղծեն գրականագետները»:
Կարինե Խոդիկյանը վստահեցրեց՝ թերթի դռները բաց են նաև ուսանողների առջև: