«Մանկավարժականում կարևորում են, որ ձեր մասնագիտական իմացական պահանջմունքները կապել եք այս կրթական կառույցի հետ և բուհի առաջատար ուղղությունները՝ մանկավարժությունը, հոգեբանությունն ու դասավանդման մեթոդիկան, երիտասարդ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Այն կարևորությունը, որն այսօր ունեն այս 3 հիմնական ուղղությունները, անհրաժեշտ են բացահայտելու՝ ուր ենք գնում, ինչ արժեհամակարգ ենք ձևավորում և ինչ հաջողություններ ենք գրանցելու ապագայում, ձեր նախաձեռնությամբ և ձեռագրաբանությամբ նաև»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ 2024-2025 ուսումնական տարում ասպիրանտուրա ընդունված և հայցորդություն ձևակերպած դիմորդների հետ հանդիպմանը:
Ռեկտորը նկատեց՝ կարևոր չէ՝ ինչ մասնագետ ենք պատրաստելու․ պետք է հիշել՝ ուսուցչի կարողություններով պայմանավորված է, որ ունենալու ենք ապագա մասնագետի ձևավորման, զարգացման, արժեբանական այն նվաճումները, որոնցով կլինենք հաջողված կամ ոչ։
Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ անկախ մասնագիտական տիրույթից, մեր օրերում չկա ավելի կարևոր գործ, քան գիտակցել և հասկանալ՝ ում ենք կրթում, ովքեր են այդ անհատականությունները, ինչով են նրանք տարբերվում նախորդ սերունդներից, որոնք են հոգեբանական, տիպաբանական այն առանձնահատկությունները, որոնցով տվյալ սերունդը տարբերվում է մյուսից և որոնցով պայմանավորված են լինելու մեր երկրի զարգացումներն ու նվաճումները։
Նա որոշ մասնագիտական դիտարկումեր ներկայացրեց սոցիալ-հոգեբանական դաշտում առկա խնդիրների, դրսևորումների վերաբերյալ։ Ինչպես նկատեց Գևորգյանը՝ հոգեբանական բաղադրիչի պարտադիր իմացությունը չափազանց կարևոր է ներկայիս սերնդի անհրաժեշտ արժեբանությամբ անհատականություն ձևավորելու համար․«Չափազանց հետաքրքիր ոլորտ եք ընտրել, որտեղ ոչ միայն կամրապնդվեք գիտելիքներով, այլև կձևավորվեք մի շարք հարցադրումներ վերհանելու կարողությամբ․ մեր ոլորտին վերաբերող հիմնախնդիրներն անսահման են»։
Հանդիպման ընթացքում Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ասպիրանտներին և հայցորդներին ներկայացրեց բուհի գիտական գործունեությունն ու ուսումնառության վերաբերյալ մանրամասներ։ Նա ընդգծեց՝ այս տարի ևս դիմորդների աննախադեպ ցուցանիշ են գրանցել․ վստահեցրեց՝ դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները, պատրաստ են լինելու օգնել և աջակցել գիտահետազոտական ծավալուն աշխատանքներ իրականացնելու գործում։
Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանն էլ վստահեցրեց՝ ոլորտը բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է․ սա հետազոտական, փորձարարկան, գիտական ուղղություն է, որտեղ պետք է լինել մոտիվացված։ Նրա դիտարկմամբ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, կա որակյալ մասնագետների կարիք։