Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտ, գեղանկարիչ, լեռնագնաց Արթուր Կարապետյանը։
Արարատի և աշխարհի մի շարք գագաթներ առաջինը նվաճած հայտնի լեռնագնացն ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեց բարձունքների և վերելքների մասին՝ ֆիզիկականից մինչև հոգևոր։
Արթուր Կարապետյանը նկատում է՝ կյանքը հետաքրքիր է․ միշտ փոխում է ճանապարհները, անհրաժեշտ է գտնել կյանքի իմաստն ու ամեն օր գնալ դեպի նպատակը։
Լեռնագագաթներ հաղթահարելիս հաճախ է հանդիպել խոչընդոտների։ Խոսելով լեռնագնացությամբ զբաղվելու առաջին անհաջող փորձի մասին՝ նա խորհուրդ է տալիս դնել հեռահար, բայց մեծ նպատակներ, մոտիվացվել և ամեն օր առաջ գնալ․ «Երբ օրն ես ընդունում որպես կյանք,այն տալիս է ցանկալի պտուղներ։ Երբեմն հաջողության համար պետք է ոչ թե հինգ, այլ հինգ հազար անգամ փորձել»,-նշում է Արթուր Կարապետյանը, որը սեփական ուժերով, համառության շնորհիվ հասել է ցանկալի արդյունքի։
Շատ են տաղանդավորները, որոնց կյանքում ձեռքբերումները սակավաթիվ են, կան նաև պակաս տաղանդավորներ, որոնք աշխատասիրության և համառության շնորհիվ են հասել բարձունքների։
Ավելի շատ մարզի՞կ, թե՞ գեղանկարիչ է․ հաճախ տրվող այս հարցին դժվարանում է պատասխանել։ Մանկուց տարբեր մարզաձևերում իրեն փորձած Արթուր Կարապետյանը, սակայն, վստահ է՝ դրանք այսօր միաձուլվել են, ինչպես ինքն է միաձուլվել բնությանը․ «Լեռնագնացությունն օգնում է մաքրվել, ճանաչել ու բացահայտել սեփական անձը»։
Ամեն օր հաղթահարելով ինքն իրեն՝ հոգևոր ներդաշնակություն է ձեռք բերել։ Սարերն օգնում են ամբողջանալ տիեզերքի հետ։
Կիլիմանջարո լեռան հարավ-արևմտյան պատն առաջինը հաղթահարած լեռնագնացն ուսանողներին խորհուրդ է տալիս հնարավորինս հաճախ գնալ արշավների, մագլցել լեռներ․ վստահ է՝ կփոխվի ներքին էությունը, սեփական անձի նկատմամբ հավատն էլ կավելանա։
Արթուր Կարպետյանը նշում է՝ բուհի հետ կապն ընդմիջումներով է․ տարվա մեծ մասը լեռներում է անցկացնում, բայց երբ հայտնվում է «ներքևում»՝ մասնակցում է հանդիպումների, որ երիտասարդներին պատմի, թե ինչպես է հնարավոր, անկախ հուսահատության պահերից, հասնել հաջողության։
«Մեր ամեն օրն ընտրություն է»,-կարծում է Արթուր Կարապետյանն ու հավելում՝ պետք է դուրս գալ կաղապարներից, ունենալ մեծ հավատ, հասկանալ, որ մենակ չես և հաղթահարես, որ գրավես ցանկալի գագաթը։
Հանդիպուման ընթացքում ցուցադրվեց Արթուր Կարապետյանին նվիրված վավերագրական ֆիլմեր։