Մանկավարժական համալսարանում կայացավ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի տարեվերջյան հանդիպումը ուսանողական ակտիվի հետ։
Արդեն ավանդական դարձած հանդիպման սկզբում ռեկտոր Գևորգյանը հույս հայտնեց, որ կծավալվի անկեղծ և բաց երկխոսություն՝ ուսանողի, նրա գործունության, մասնագիտական և անձնային աճի, ուսումնական գործընթացների կազմակերպման որակական խնդիրների, նաև ուսանողների ձեռքբերումների մասին։ Վստահեցրեց՝ ուսանողը բուհի բարձրագույն արժեքն է, պատրաստ է լսել առաջարկներ, կարծիքներ՝ բուհական կյանքի արդյունավետ և որակյալ կազմակերպման համար։
Սրբուհի Գևորգյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է Մանկավարժական համալսարանում կյանքը ուսանողի համար՝ մասնագիտական գործունեության, ժամանցային, հասարակական ատիվության, բուհի մյուս գործընթացներում համամասնակցային դրսևորման տեսանկյունից։ Ընդգծեց՝ բուհը ներգրավված է բազմաթիվ միջոցառումներում․ կարևորում են ուսանողի ցանկացած ձեռքբերում, մասնակցությունն այդ գործընթացներին։
Ուխ փոխնախագահ Կարինե Ավալյանն ուսանողների անունից վստահեցրեց՝ Մանկավարժականում ուսանողն իրեն հարմարավետ է զգում․ այդ մասին է վկայում նաև տարվա ընթացքում ղեկավար կազմի հետ հաճախակի հանդիպումները՝ բաց ու թափանցիկ հարցադրումներով և պատասխաններով։
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գևորգյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի՝ լսարանների տեխնիկական հագեցվածության, անհրաժեշտ լաբորատոր գործիքների պակասի լրացման, դասավանդման ձևաչափի արդյունավետ կազմակերպման, մասնագիտական գույքի տրամադրման, միջազգային ծրագրերում ներգրավվածության վերաբերյալ և այլն։
Բուհի ղեկավարը վստահեցրեց՝ ուսումնական գործունեությունը պատշաճ կազմակերպելու և որակյալ կրթություն ապահովելու համար պատրաստակամ են անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ կատարել։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը ուսանողի կողքին մշտապես լինելու, աջակցելու և բարձրացրած հարցերին լուծումներ տալու համար։
Սրբուհի Գևորգյանը ողջ համակազմի անունից շնորհակալություն հայտնեց բուհի ուսանողին՝ տեսակի, յուրահատուկ հմայքի և անկեղծության համար՝ նշելով, որ դասախոս-ուսանող երկու հիմնարար գործոնի, բնականոն ներգործությամբ և սերնդափոխությամբ է պայմանավորված կրթական հաստատության կայունությունը։
Ռեկտոր Գևորգյանը հավաստագրեր հանձնեց Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանության հետևանքով ՀՀ-ում մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողներին։
Նա շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ մասնագիտական գործունեությունը բուհի հետ կապելու, մարդկային որակների, մասնագիտական հմտությունների, համալսարանին հեղինակություն բերելու համար՝ ուրախությամբ նկատելով՝ Մանկավարժականը հուսալի ձեռքերում է։