Հոկտեմբերի 9-14-ն անցկացվեց «Էրազմուսյան օրեր» միջոցառումների և հանդիպումների շարք, որի շրջանակում կայացավ նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային կապերով և ծրագրերով զբաղվող ներկայացուցիչների հանդիպում:
ՀՀ էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց 2023 թվականին դրամաշնորհ շահած հայաստանյան 5՝ Էրազմուս+ կարողությունների զարգացման գործողություններով նախատեսված ծրագրերը:
Ի դեպ, ծրագրերից երկուսում ՀՊՄՀ-ն ընդգրկված է որպես գործընկեր համալսարան, իսկ T4Green-ի դեպքում նաև ծրագրի համակարգող է:
«T4GREEN» ծրագիրը միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը, ինչը ենթադրում է հանրակրթության ոլորտում անցում կատարել ավանդականից ապագային միտված ուսումնական ծրագրերին՝ աջակցելով դասավանդման մեթոդներին, ազգային նպատակների իրագործմանը, «կանաչ» և թվային ուսուցմանը։
Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց բուհի՝ ծրագրերի մշակման և կառավարման երկարամյա փորձը, ինչն արդյունավետ կլինի նաև միջազգային ծրագրերում առաջին քայլերն անող բուհերի համար։
Մասնակից ՀՀ այլ բուհերի ներկայացուցիչներ ևս կիսվեցին Էրազմուս+ ծրագրերի իրականացման իրենց փորձառությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ ամսում մեկնարկող Էրազմուս+ ծրագրերի առաջարկների ընդունման գործընթացի մանրամասները, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների մասնակցությամբ, ինչպես նաև ընդգծվեց Ժան Մոնե գործողություններին ուղղված ծրագրերի կարևորությունը:
Ծրագրերի նպատակն է Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում խթանել դասավանդումն ու հետազոտությունը, ինչպես նաև ակադեմիական աշխարհի և քաղաքականություն մշակողների միջև ձևավորել երկխոսություն՝ ընդլայնելով ԵՄ քաղաքականության կառավարումը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են՝ բուհերի միջև լավագույն փորձի փոխանակման, միջազգային նոր ծրագրերի առաջարկների մշակման և ներկայացման համար, նման հանդիպումներն անհրաժեշտ են առավել հաճախ կազմակերպել։