ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպումների շարք՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ՀՊՄՀ համագործակցության շրջանակներում
02.02.2022
Հանդիպումների շարք՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ՀՊՄՀ համագործակցության շրջանակներում

Մանկավարժական համալսարանը մշտապես ընդլայնում է համագործակցության շրջանակները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտահետազոտական կազմակերպությունների, բուհերի, կրթական գործընթացով հետաքրքրված շահակիցների հետ՝ բարձրացնելով կրթական ծառայությունների որակը, ներդնելով համատեղ կրթական, գիտահետազոտական նախագծեր։ 

Այդ շրջանակներում ՀՊՄՀ-ում էին «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները։ ՀՊՄՀ-ի և «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի միջև հիմք դրվեց նոր որակի համագործակցության, որի շրջանակներում բուհի Միջազգային համագործակցության և աշխատակազմի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանի ղեկավարմամբ Հիմնադրամի հավաքագրման և ծրագրային բաժինների աշխատակիցները առցանց հանդիպումների շարք ունեցան բուհի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսի ուսանողների հետ։

Հանդիպումների ընթացքում »Դասավանդի՛ր Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկայացրին բուհի հետ համագործակցության իրենց առաջարկները։

Հանդիպումներին մասնակցեց ՀՊՄՀ-ի շուրջ 400 ուսանող, որոնք Հիմնադրամի ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Նրանցից շատերն էլ հավելեցին, որ ավարտելուց հետո մտադիր են մանկավարժական գործունեությունը ծավալել Հայաստանի հեռավոր շրջաններում և գյուղերում՝ ի նպաստ հայ աշակերտների որակյալ կրթության։ 

Հատկանշական է, որ «Դասավանդի՛ր Հայաստան»-ՀՊՄՀ համագործակցության շրջանակներում Հիմնադրամը բուհի բնագիտական և ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ շրջանավարտներին առաջարկում է կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով։ 

Գործընկեր կառույցները վստահ են, որ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ առաքելությունն ու նպատակները երկուստեք համընկնում են՝ ի նպաստ մեր երկրում երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

Նշենք նաև, որ Մանկավարժական համալսարանն իր ուրույն ու կարևոր դերն ունի մեր երկրում մանկավարժական կադրերի պատրաստման, մանկավարժական մտքի զարգացման, կրթության նորարար մոտեցումների ներդրման և տարածման գործընթացում։  Բուհն իր ռազմավարության առանցքային ուղենիշ է սահմանել միջազգային չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստումը՝ ձգտելով պատրաստել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ուսուցիչ։