ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանձնեցին մասնակցության հավաստագրեր
08.04.2022
Հանձնեցին մասնակցության հավաստագրեր

Այսօր ամփոփվեցին ՀՊՄՀ-ի, «Արտաս» հիմնադրամի և Ցյուրիխի արվեստների համալսարանի միջև երկշաբաթյա պրակտիկայի արդյունքները։

Հավաստագրեր հանձնվեցին ՀՊՄՀ-ի, Շվեյցարիայի Լյուցերնի, Բազելի և Ցյուրիխի արվեստի, Վրաստանի Իլյայի անվան և Աբխազիայի պետական մանկավարժական համալսարանների՝ ծրագրի մասնակից դասախոսներին և ուսանողներին։

Վերջիններս փոխանակման ծրագրի շրջանակներում մասնակցել էին կերպարվեստի բաժնի դասերին, ծանոթացել դասավանդման մեթոդիկաների առանձնահատկություններին: Մասնակիցները մանկավարժական պրակտիկայի շրջանակներում այցելել էին նաև հանրակրթական մի շարք դպրոցներ, ներկա գտնվել կերպարվեստի դասաժամերին, մասնակցել «Կերպարվեստ»-ի դասընթացի մշակման գործընթացին։

Ծրագրի ընթացքում կերպարվեստի դասավանդման հիմնական սկզբունքների շուրջ եղել են նաև խմբային աշխատանքներ, որի ընթացքում հեմամետական վերլուծություն է կատարվել հայաստանյան և շվեյցարական համալսարանների «Կերպարվեստ» մասնագիտության կրթական ծրագրերի միջև։

Ի դեպ, օրերս ՀՊՄՀ-ի, «Արտաս» հիմնադրամի և Ցյուրիխի արվեստների համալսարանի միջև 2019 թվականին մեկնարակած համագործակցությունն ամրապնդվեց համագործակցության նոր հուշագրի կնքմամբ:
Հուշագրով նախատեսվում է զարգացնել կառույցների միջև համագործակցությունը` իրականացնելով ուսանողների և դասախոսների փոխանակման, մի շարք այլ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

«Արտաս» հիմնադրամի նախագահ Դագմար Ռեյխարտը, հաշվի առնելով ծրագրի մասնակիցները կարծիքը, ՀՊՄՀ-ի հետ մեկնարկած համագործացկությունն արդյունավետ է համարում։

Ծրագրին մասնակից, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի դասախոսներ Նաիրա Մխիթարյանն ու Հայկուհի Մուկոյանը old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին՝ շվեյցարական փորձով և դասավանդման նոր մեթոդաբանությամբ առաջիկայում կկիսվեն գործընկերների հետ՝ փորձելով տեղայնացնել և գործնականում կիրառել ստացած գիտելիքները:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում փետրվարի 20-ից մարտի 5-ը ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտությամբ 9 ուսանող և Կերպարվեստի ամբիոնի 2 դասախոս երկշաբաթյա այցով Ցյուրիխի արվեստների համալսարանում էին։

Մարտի 28-ից ապրիլի 8-ն էլ փոխադարձ այցով Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում էին Շվեյցարիայի՝ Լյուցերնի, Բազելի և Ցյուրիխի արվեստի, Վրաստանի Իլյայի անվան և Աբխազիայի պետական մանկավարժական համալսարանների դասախոսներն ու ուսանողները։