ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանրապետական գիտաժողով
18.05.2018
Հանրապետական գիտաժողով

«1 դար է մեզ բաժանում Առաջին Հանրապետության ստեղծումից: Փոխվել են սերունդները, փոխվել է շատ բան, սակայն խնդիրներն ու բազում հարցեր մնացել են նույնը. մենք շարունակում ենք մնալ նույն ժողովուրդը՝ բարդույթներով, հակասություններով, դրական ու բացասական դրսևորումներով»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի բացման առթիվ:

Ռեկտորը պատմաբանի տեսանկյունից արժևորեց 1-ին հանրապետության ստեղծումը՝ ընդգծելով, որ պետք է դասեր քաղել անցյալից, ուսումնասիրել այն, կատարել ճիշտ հետևություններ հանուն հայրենիքի բարգավաճման:

ՀՊՄՀ-ի Մանկավարժության տեսության և պատմության, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնների և «Սփյուռք» գիտաուսումնական կենտորնի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովին մասնակցում էին ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ այլ բուհերից ներկայացուցիչներ: Նրանք իրենց զեկույցներում ներկայացրին ոչ միայն հանրապետության պատմաքաղաքական նշանակության արդիականությոունը, այդ տարիներին հասարակական գործիչների քաղաքական մշակույթի ձևավորման նախադրյալներն ու անկման պատճառները, այլև 2 մասնախմբերով առաջ քաշվեցին գրամշակութային և լեզվաբանական հարցադրումներ:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականագիտության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը մի քանի տեսանկյունից, քանի որ գրականագիտական, լեզվագիտական հարցերից բացի, քննվում են նաև պատմագիտական մանկավարժական հարցեր:

«Պատմությունը կենդանի բան է և այդ առումով խիստ կարևոր է, որ քննվում են Առաջին Հանրապետության անկման պատճառները: Միշտ մտածել ենք, որ այն ընկավ արտաքին հարվածների պատճառով, սակայն երկիրը նաև ներսից էր քայքայվում, ինչն էլ թշնամու առջև ճանապարհ բացեց»,-նշեց պրոֆեսոր Դևրիկյանն ու վստահեցրեց, որ պատմության, անցյալի վերաբերյալ նման քննությունը ուսուցանում է՝ ամեն մեկս մեր տեղերում պետք է ավելի ամրացնենք երկիրը, իմաստավորենք անցյալն ու ներկան:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտորնի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ հավելեց, որ Առաջին Հանրապետության հետահայաց գնահատությունը ուսանելի է և ճանաչողական:

«Մենք անցել ենք բազմաթիվ սխալների ճանապարհով, բայց պահել ենք ուղենիշը՝ 1-ին հանրապետությունից մինչև անկախության ճշգրիտ վերադարձ»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու շնորհավորեց ներկաներին հայաստանի Առաջին Հանրապետության մեկդարյա պատմության համար՝ մաղթելով ամենակարևորը՝ հավատ վաղվա օրվա համար:

Գիտաժողովը շարունակվեց երկու մասնախմբերի աշխատանքով և դրանց արդյունքների ամփոփմամբ: