ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանրապետական ուսանողական գիտաժողով ՀՊՄՀ-ում
10.05.2022
Հանրապետական ուսանողական գիտաժողով ՀՊՄՀ-ում

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի մասնաճյուղ «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համատեղ նախաձեռնությամբ կայացավ «Հայաստան․ դարերի խորքից դեպի ապագա» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ընդգծեց՝ ձեռնարկը հատուկ խորհուրդ ունի․ բուհի 100-ամյակին նվիրված նախաձեռնությունը ուսանողներինն է, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում պարբերաբար կազմակերպվող գիտաժողովների շարքում։

Պրոռեկտորը նկատում է՝ գաղտնիք չէ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, բուհը վարում է ուսանողակենտրոն քաղաքականություն․ կարևոր է լսել տարբեր թեմաների շուրջ ուսանողի կարծիքը, բովանդակային կողմը։

«Բուհը շնչում է, եթե կրթական կյանքից բացի, այնտեղ ծավալվում է նաև գիտական ակտիվ գործունեություն։ Մենք՝ պատմաբաններս, սիրում ենք արժևորել անցյալը և նայել ապագային, իսկ բախտորոշ այս օրերին անցյալի ժառանգության արժևորումը կրկնակի է կարևորվում, երբ դրա հեղինակը ուսանողն է»,-նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց՝ պատմության դասերը սովորելով, հնարավոր կլինի խուսափել ճակատագրական նոր սխալներից։

Էդգար Հովհաննիսյանը վստահ է՝ ուսանողներից շատերը կսիրեն գիտությունը, կնվիրվեն և հետագայում կծառայեն նրան։

«Հայաստան․ դարերի խորքից դեպի ապագա» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի ուսանողներ, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի և «Շենգավիթ» մասնաճյուղի ներկայացուցիչներ։

Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան Գարեգին Նժդեհի գաղափարախոսությանը, Հայաստանում ֆրանսիացի հայագետ Ժ․ Մորգանի հետազոտություններին, Վանի ինքնապաշտպանական մարտերին, Զվարթնոցի Սբ․ Գրիգոր տաճարի ավերման պատճառներին։

Ուսանողները խոսեցին նաև Արցախի կարգավիճակի հիմնահարցի, Թալիբան շարժման, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատական վերլուծության, Սբ․Կարապետ եկեղեցու բնութագրի մասին և այլն։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը գիտաժողովը ուսանողներին գիտության մեջ ներգրավելու կարևոր գործընթաց համարեց։ Ուսանողների մոտ ի սկզբանե պետք է ձևավորել գիտության հանդեպ սեր, ներուժ, ինչը նրանց կտանի գիտական մեծ նվաճումների։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանն էլ հույս հայտնեց, որ համատեղ նախաձեռնությունը մի նոր դարբնոց կդառնա՝ դեպի գիտություն․ «100-ամյակի շրջանակներում կազմակերպված գիտաժողովը կարևոր խորհուրդ ունի։ Այն վերարժևորում է Մանկավարժական համալսարանի կարևոր առաքելությունը՝ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում»։

«Հայաստան․դարերի խորքից դեպի ապագա» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովին ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։