«Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի շրջանակներու հուլիսի 15-16-ը Երևանում անցկացվեց ՝ «Հաշմանդամությունը և գործիքակազմը» խորագրով 6-րդ դասընթացը։
Երկօրյա դասընթացը «Առողջ ծերացման խթանումը վերականգնողական աշխատանքների միջոցով՝ օգտագործելով առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացում /ԱՀԳՅ/» ուսումնական ծրագրի մի մասն էր, որը կազմակերպել էին Հայկական պետական մանկավարժական և Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանները։
Դասընթացավարը Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի առողջապահական գիտությունների և քաղաքականության բաժնի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև Կանադայի Քուինս համալսարանի դասախոս դոկտոր, պրոֆեսոր Ջերոմի Բիքենբախն էր, որը փիլիսոփայության, իրավունքի և հանրային առողջության միջդիսցիպլինար փորձառությամբ գիտնական է և իրավաբան։ Միաժամանակ տարբեր ինստիտուտների և կազմակերպությունների խորհրդատու է։
Այսօր աշխարհի տարբեր երկրների մեծամասնությունը հաշմանդամությունը գնահատելու գիտականորեն առավել հիմնավորված մեթոդով է շարժվում․ դասընթացում ներկայացվեց ֆունկցիոնալության վրա հիմնված հաշմանդամության գնահատման գործնական մոտեցումը, որը ավելի արդարացված է գիտականորեն և մարդու իրավունքների տեսանկյունից։
Ներկայացվեցին Հայաստանի իրավիճակին, ֆունկցիոնալությանը և հաշմանդամությանը /ՖՄԴ/, ֆունկցիոնալ հեղափոխությանը և հաշմանդամության գնահատմանը վերաբերող դասախոսություններ, անցկացվեցին ինտերակտիվ քննարկումներ։
Երկրորդ օրվա դասախոսություններն ու աշխատանքային քննարկումները «Ֆունկցիոնալության գնահատում․ԱՀԿ-ի DAS-ը, վերջինիս կիրառումը հաշմանդամության համար, «Հայաստանի ապագան» թեմաներով էին։
ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացնելով Շվեյցարիայի Լյուցեռնի, ՀՊՄՀ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ-ի/ առաջնորդությամբ մեկուկես տարի առաջ մեկնարկած ծրագրի նպատակը՝ Հայաստանում վերականգնողական ոլորտները զինել ինչպես տեսական, այնպես էլ գործնական նոր գիտելիքներով, նկատում է. «Ծրագիրը լրացնելու է այն բացը, որ կա հանրապետությունում այդ ոլորտում այսօր իրականացվող բազմաթիվ բարեփոխումներում։ Մանկավարժական և Լյուցեռնի համալսարաններն իրականացնում են կրթական և հետազոտական բաղադրիչը` մասնագետների վերապատրաստումներ և հետազոտություններ, քննարկումներ, հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե որոնք են ոլորտի այն հիմնական բացերը, որոնք միգուցե այսօր ճանաչելի են, բայց քիչ են լուսաբանվում։ Եվ կարծես թե մեզ հաջողվում է բացահայտել այդ և քայլ առ քայլ առաջ գնալ»։
Նա ընդգծեց ծրագրի կարևորորությունը մանկավարժական կրթության համար․ հանրապետությունում այսօր իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, և դպրոցները բաց են բոլոր երեխաների համար՝ անկախ կրթական կարիքներից, և այդ տեսանկյունից ծրագրի կարևորությունն առաջնային է, քանի որ Մանկավարժական համալսարանը միակն է հանրապետությունում, որը տրամադրում է կրթություն՝ առանձնահատուկ կարիքներով անձանց կրթական միջավայրը ճիշտ կազմակերպելու համար։ Այդ տեսանկյունից Մանկավարժական համալսարանում վերազինվում են նոր գիտելիքներով, փոփոխում են կրթական ծրագրերը, լավարկում և յուրացնում դրանք այսօրվա փոփոխված իրականությանը համապատասխան։
ՀՀ-ում վերականգնողական ոլորտը կարծես թե տարանջատված է 3 գերատեսչությունների միջև՝ առողջապահության, սոցիալական և կրթական ոլորտների միջև։ Կրթությունն իր վրա վերցրել է կրթական կարիքների աջակցությունը, սոցիալական ծառայություններն իրենց վրա վերցրել են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի հեշտացման և կյանքի արդյունավետ կայացման գործոնները, իսկ առողջապահությունը կապում է վերականգնողական ոլորտը զուտ առողջապահական միջոցառումների հետ, որոնք տարբեր բուժումներ, տարբեր միջամտություններ են ենթադրում։
ՀՊՄՀ պրոռեկտորը նկատում է՝ շատ կարևոր է, որ այս երեք բաղադրիչները համաձուլվեն, և երեք բաղադրիչները առանձին ներկայացնող մասնագետները կարողանան սովորել միասին և տարանջատել մեկը մյուսի դերը ընդհանուր վերականգնողական ոլորտում։
Այստեղ կրկին կարևորվում է կրթական բաղադրիչը և երկու համալսարանների նպատակն է այս բոլոր ոլորտների մասնագետներին վերազինել նոր գիտելիքներով։
Երկօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցում էին վերականգնողական ոլորտում աշխատող տարբեր մասնագետներ։ Դասընթացի ժամանակ ներկայացվեցին դասավանդման տարբեր մեթոդներ ու ձևեր․ եղան ինտերակտիվ դասախոսություններ, դեպքի ուսումնասիրությունների վերլուծություններ, խմբային քննարկումներ ու գործնական վարժություններ։