ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշվետու համերգ. բեմում են 1-4-րդ կուրսերի ուսանողները
24.05.2018
Հաշվետու համերգ. բեմում են 1-4-րդ կուրսերի ուսանողները

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հաշվետու համերգ:

Արդեն ավանդույթ դարձած համերգի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ամբիոնի 1 տարվա կատարած աշխատանքը, ինչպես նաև տարբեր կուրսերի լավագույն անհատ կատարողներին և խմբերին հանդես գալու հնարավորություն ընձեռել:

Ելույթներով հանդես եկան «Ավե Մարիա» երգչախումբը, Ջութակահարների համույթը, «Անի» վոկալ անսամբլը, ինչպես նաև անհատ կատարողներ:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Արթուր Գրիգորյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ստեփան Լուսիկյանի, Էդգար Հովհաննիսյանի և այլոց հայտնի ստեղծագործությունները:

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ Սարգիս Էլբակյանի խոսքով՝ տարեվերջյան համերգը կարծես ամբիոնի մեկամյա գործունեության վերջին ակորդը լինի. «Բաժնի անսամբլներն ու լավագույն անհատ կատարողները տարբեր ձեռնարկների շրջանակներում հանդես են եկել բազմաթիվ բեմերում, սակայն համերգի նպատակն է ցույց տալ նաև, թե ինչ գործիքների են տիրապետում երաժշտության ապագա մանկավարժները»,-հավելեց Սարգիս Էլբակյանը:

Բաժնի շրջանավարտների և ուսանողների մի շարք ձեռքբերումներից ամբիոնի վարիչն առանձնացնում է «Անի» վոկալ անսամբլի՝ «Վերածնունդ» և «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոններում դափնեկրի կոչմանն արժանանալը: Նրա կարծիքով, ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող համույթի համար սա մեծ ձեռքբերում և մեծ հեղինակություն է: