ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից
20.12.2023
Հավաստագրեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից

Նոյեմբերի 20-24-ը ՀՊՄՀ 40 ուսանող մասնակցեց մանկավարժական և առաջնորդական  հմտությունների զարգացմանն ուղղված 2 կրեդիտ բեռնվածությամբ վերապատրաստման դասընթացներին։

Այն անցկացվեց ԲՏՃՄ մասնագիտությունների գծով ավարտական կուրսերի ուսանողների համար՝ Մանկավարժական համալսարանի  և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։

Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Պրոռեկտորը  կարևորեց նախագծի իրականացումը՝  նկատելով, որ  մեր օրերում,  երբ ի հայտ են գալիս նոր մոտեցումներ, գիտելիքներ, մեթոդներ, բուհը երբեմն չի հասցնում այդ փոփոխությունները ներառել իր ուսումնական պլաններում։ Այդ առումով նա կարևորեց և առաջնահերթ համարեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ գործընկերությունը, որ մշտապես  բուհի, ուսանողի, գործող մանկավարժի  կողքին է։

Մարիաննա Հարությունյանը  մեկ անգամ ևս ընդգծեց մանկավարժի մասնագիտության կարևորությունը, նկատելով, որ  այն  կերտում է ապագայի մասնագիտությունները։

«Թեև սա հավելյալ ծանրաբեռնվածություն է ուսանողի համար, սակայն մյուս կողմից երիտասարդ եք՝ լի ուժերով և պոտենցիալով, որ կարողանաք ընկալել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն այսօրվա ուսուցչին, այլև անհատին և քաղաքացուն»,-նշեց պրոռեկտորը և հույս հայտնեց, որ նրանից շատերը կկարողանան իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։ Նա նաև վստահեցրեց, որ վերապատրաստումները կլինեն տարբեր ուղղություններով  ու շարունակական և հորդորեց բարելավել օտար լեզուների իմացության մակարդակը։

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանն էլ վստահեցնում է՝ ցանկացած քայլ միտված է բարելավելու ուսանողի կրթական գործընթացը։ «Ստացած հմտությունները գուցե այս պահին գործածության մեջ չեն, սակայն մեկ քայլ հետո դրանց կիրառման կարիքը լինելու է։ Լիահույս ենք, որ այսուհետ առավել ակտիվ կներգրավվեք նման ծրագրերում, իսկ ձեր փորձն ու օրինակը վարակիչ կլինի մյուս ուսանողների համար»,-նշեց նա։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման բաժնի ղեկավար Տաթև Կարապետյանը նշեց, որ մանկավարժական և առաջնորդական հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստումների այս շարքն առաջին անգամ էր կազմակերպվում։ Այդ շրջանակներում ուսումնասիրվել են մանկավարժական և առաջնորդական, որոշ կամընտրական, այդ թվում՝  կարիերայի, սոցիալ-հուզական թեմաներ, կազմակերպվել համայնքային այցեր։ 

«Նմանատիպ ծրագրերի նպատակն է, որ բացի ակադեմիական գիտելիքներից, ապագա ուսուցիչները զինվեն առաջնորդական հմտություններով՝ դառնալով աշխատաշուկայում և դպրոցներում պահանջված մասնագետ»,-նշեց  Տաթև Կարապետյանն ու տեղեկացրեց, որ նախատեսում են ծրագիրը դարձնել շարունակական և ներգրավել այլ ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ ևս։

Նա այն կարծիքին է, որ Մանկավարժական համալսարանի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն, ուստի ակնկալում է ավելի մեծ թվով ուսանողների ներգրավում։

Վերջինս շնորհակալություն հայտնեց ոչ թե դասընթացին մասնակցելու, այլև Մանկավարժական բուհն ու մանկավարժի մասնագիտությունն ընտրելու համար և հույս հայտնեց, որ հավաստագրերը մասնագիտական կյանքում կարևոր դեր կունենան, իսկ ներկաներից շատերին կտեսնի դպրոցներում։