Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մասնակցության հավասատագրեր հանձնեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի Մաթեմատիկայի տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի 22 դասախոսի:
Վերջիններս հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը մասնակցել են ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված «Մաթեմատիկայի գծով մասնագիտական վերապատրաստման դասընթացի ծրագիրը եվ թեմատիկ բովանդակությունը» թեմայով վերապատրաստմանը:
Ռեկտորը շնորհավորեց վերապատրաստման մասնակիցներին և հույս հայտնեց, որ դրա ընթացքում ձեռք բերված գիտելիքները կներդրվեն նաև կրթական գործընթացում:
Բուհի ղեկավարը կարևորեց վերապատրաստման դասընթացի վերաբերյալ ներկաների դիտարկումներն ու առաջարկները՝ վստահեցնելով, որ դրանք հաշվի կառնվեն, իսկ արդյունավետության առավել բարձր ցուցանիշ ապահովելու համար դասընթացները կվարեն հրավիրյալ դասախոսները:
Հանդիպման ընթացքում Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ բուհում կատարվելիք փոփոխություններին, մասնավորապես՝ էլեկտրոնային կրթական հարթակի ներդրմանը, դրա արդյունավետությանը, առաջատար բուհերի հետ համագործակցությանն ու փոխանակման ծրագրերին:
Ռեկտորն ընդգծեց, որ բուհի համար կարևոր նշանակություն ունեցող կրթական գործընթացներում բարձր արդյունք ցուցաբերած դասախոսները հավելյալ կխրախուսվեն: