ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝  ՆՈՒՀ մանկավարժական աշխատողներին
22.12.2023
Հավաստագրեր՝  ՆՈՒՀ մանկավարժական աշխատողներին

Այսօր «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման» դասընթացի  70 մասնակից  ստացավ հավաստագիր։

110 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացն անցկացվել է նոյեմբերի 6-30-ը․ գործընթացը ներառել է նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն, ՏՀՏ-ի կիրառում կրթական գործընթացում, տարիքային հոգեբանություն,  համընդհանուր ներառում, նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական արդյունքների գնահատում, դաստիարակության մեթոդիկաներ, հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ։

Դասընթացը բարեհաջող ավարտածներին շնորհավորեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու նշեց՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին վերապատրաստելու առաջին փորձն էր։ Նա գործընթացը հաջողված է համարում․ վստահեցնում է՝ մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ։

Պրոռեկտորը հիշեցրեց՝ բուհը վերապատրաստումներ կազմակերպելու մեծ փորձ ունի․գործընթացն իրականացնում են բոլոր ուղղություններով՝ ներգրավելով բանիմաց և գրագետ  մասնագետների։

Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ վերապատրաստումները բավարարեցին մասնակիցների մասնագիտական կարողությունները լավարկելու պահանջմունքը, ծանոթացան նոր մեթոդաբանության, ինչն էլ գործնականում կնպաստի ապագա սերնդին կրթելու կարևորագույն  առաքելության իրագործմանը։ Վստահեցրեց՝ Մանկավարժականը գործընթացից հետո էլ պատրաստ է աջակցել, համագործակցել, անհրաժեշտ խորհրդատվություններ տալ, օժանդակել  մասնագիտական գրականությամբ։ 

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը ևս շնորհավորեց պատասխանատու գործընթացի ավարտի կապակցությամբ։ Ակնկալում է, որ մանկավարժ-բուհ համագործակցությունը կլինի շարունակական․Մանկավարժականը կազմակերպելու է նախադպրոցական կրթության ոլորտի այլ վերապատրաստումներ ևս՝ հնարավորություն տալով  հարստացնել գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։

Մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստումների վերաբերյալ և վստահեցրին՝  վերապատրաստող փորձառու թիմի ահռելի աշխատանքի շնորհիվ լրացրեցին մասնագիտական կարողությունների բացերը։

Ի դեպ, նրանցից շատերը նշեցին, որ բուհի շրջանավարտ են, ինչն էլ առանցքային պատճառ էր   գիտելիքները  հատկապես մանկավարժականում կրկնապատկելու համար։