Այսօր Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հավաստագրեր հանձնեց Ամերիկայից ժամանած օտարերկրյա ուսանողներին։
Վերջիններս ՀՊՄՀ-ի և SRAS ամերիկյան կազմակերպության միջև կնքված համագործակցության շրջանակներում մայիսի 29-ից օգոստոսի 4-ը ուսանել են Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետում:
Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսների ներգրավվածությամբ՝ ԱՄՆ տարբեր համալասարանների 22 ուսանող տարատեսակ դասընթացների, գործնական պարապմունքների միջոցով բարելավեցին ռուսաց լեզվի իմացությունը։
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, շնորհավորելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ Մանկավարժականում ստացած գիտելիքները և երեքամսյա դասընթացները բարելավեցին լեզվի իմացությունը։
Նա նաև վստահեցրեց՝ ամեն ինչ արել են կրթական ծրագիրն ըստ պատշաճի իրականացնելու համար․ պատրաստ են լսել նաև մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները։
Ազգությամբ լեհ Մարչին Գուտավսկին Ամերիկայի Օհաո նահանգից է, սովորում է տեղի համալսարանում։ Խոսում և հաղորդակցվում է մի քանի օտար լեզվով, իսկ ռուսերենի իմացությունն իր համար նպատակ էր դարձրել։
Խոստովանում է՝ սիրել է մեր երկիրը, իսկ Մանկավարժականի դասախոսների շնորհիվ՝ նաև ռուսերենը։ Տիրապետելով նոր լեզվի՝ պատրաստ է վերադառնալ իր երկիր և այնտեղ շարունակել մասնագիտական գործունեությունը։
Նշենք, որ արդեն 20 տարի SRAS կրթական կազմակերպությունն աշխարհի տարբեր երկներում կազմակերպում է դասընթացներ։ Դրանց նպատակն է ԱՄՆ ուսանողների ակադեմիական կրթությանն ինտեգրել մշակութային և փորձարարական ուսուցումը։