ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հավաստագրեր հանձնեց ՀՊՄՀ-ի, Թբիլիսիի պետական, Վիեննայի Բոկուի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանների հետ համատեղ իրականացված ՙ Տուրիզմի կայուն զարգացման հնարավորությունները Հարավային Կովկասում՚ երկամյա ծրագրի մասնակիցներին:
Մանկավարժական համալսարանից ծրագրում ընդգրկված էին տարբեր ֆակուլտետներից 24 ուսանող և 11 դասախոս:
Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մասնակիցներին ծրագրի հաջող ավարտի համար և ընդգծեց, որ բուհի միջազգայնացման գործում սա կարևոր քայլերից մեկն է: Ռեկտորն առանձնակի կարևորեց ծրագրում ուսանողների ներգրավվածությունը և կոչ արեց կատարելագործել օտար լեզուների իմացությունն ու հնարավորինս ընդգրկվել բուհի արտասահմանյան գործընկերների հետ իրականացվող ծրագրերում:
Ծրագրի համակարգող, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը ներկայացրեց ծրագրի առանձնահատկություններն ու արդյունքները, ապա վստահեցրեց՝ ծրագրի արտասահմանյան փորձագետները բարձր են գնահատել արդյունքները:
«Շատ արդյունավետ է, որ ուսանողները ծրագրի շրջանակներում ուսումնասիրեցին կրթական տուրիզմի և համայնքներում դրա ներդրման քաղաքականության տարբեր հայեցակարգերը: Առավել կարևոր էր, որ այդ ծրագրում ընդգրկվեցին նաև համայնքի բնակիչները»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու հավելեց, որ աշխատանքային տարբեր խմբերի կողմից ներկայացված արդյունքները ներդրվել են համայքային զարգացման ծրագրերում:
Ծրագրի նպատակն էր Հարավային Կովկասի երկրներում ուսումնասիրել տուրիզմի զարգացման հեռանկարները, համայնքներում տուրիզմի զարգացման գործընթացում իրականացնել միասնական ծրագիր: 2 տարվա ընթացքում վերհանվել են Հայաստանի և Վրաստանի տարբեր համայնքներում տուրիզմի զարգացման հնարավորությունները, վերլուծվել դրանց հեռանկարները:
Հայաստանում ուսումնասիրման տարածք էր ընտրվել Մարմարիկ գետի հովտի Մեղրաձոր համայնքը, որտեղ էլ իրականացվել են դաշտային համապատասխան հետազոտությունները: