ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին
15.12.2017
Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հավաստագրեր հանձնեց Հայոց պատմության և Համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկաների ամբիոնի վերապատրաստված դասախոսներին:

Ակադեմիական 36 ժամ տևողությամբ վերապատրաստումների ընթացքում 20 դասախոս ուսումնասիրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, ուսուցման ժամանակակից մեթոդների, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց, որ վերապատրաստումից հետո դասախոսները վերհանել են դասընթացի ուժեղ և թույլ կողմերը՝ հետագայում դրանք ավելի կատարելագործելու նպատակով:

«Վերապատրաստումներն անհրաժեշտություն են, ուստի մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկներն ու դիտողությունները»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու դասախոսների հետ քննարկեց հետագա անելիքները:

Ռեկտորը ևս մեկ անգամ կարևորեց բուհի միջազգայնացումը և դասախոսներին հորդորեց կատարելագործել օտար լեզուների վերաբերյալ գիտելիքները, կազմել օտարալեզու մեթոդիկաներ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը այլ համալսարանների հետ:

Եղան նաև առաջարկներ, մասնավորապես՝ կազմակերպել մասնագիտական գիտական ընթերցումներ, դասընթացները կազմակերպել մասնագիտական ավելի նեղ սեկցիաներով, ինչպես նաև թարգմանել և տպագրել պատմագիտության վերաբերյալ որոշ աշխատություններ: Ռեկտորը համաձայնեց նաև վերապատրաստվողների՝ վերապատրաստումներում այլ բուհերի մասնագետներ ընդգրկելու առաջարկը: