Այսօր հավաստագրեր ստացան «Առավել որակյալ ուսուցում հանուն առավել բարեկեցիկ ապագայի» միջազգային ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները։
ՀՊՄՀ-ի և Ցյուրիխի մանկավարժական համալսարանների միջև համագործակցությամբ կազմակերպված վերապատրաստման համակարգողը ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն է, վերապատրաստող դասախոսները՝ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Սաթենիկ Սարգսյանն ու Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Քրիստինե Տանաջյանը։
Մասնագիտական զարգացման դասընթացն անկացվեց «Համագործակցային ուսուցում, նախագծային ուսուցում, մոտիվացիա» թեմայով և 3 փուլով․ յուրաքանչյուր փուլին մասնակցել է 30-ից ավելի ուսուցիչ, դասընթացն ավարտել՝ 34-ը։ Նրանք որպես վերջնարդյունք ունեն նախագծային աշխատանք կամ համագործակցային ուսուցմամբ դաս, որոնք տեղադրված են Classroom հարթակում և հասանելի են բոլորին։ Առաջիկայում այդ աշխատանքները նաև կտպագրվեն։
Ի դեպ, Մանկավարժական և Ցյուրիխի մանկավարժական համալսարանների միջև երկարամյա համագործակցության ընթացքում սա վերապատրաստում կազմակերպելու առաջին փորձն է։
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը շնորհավորեց վերապատրաստված ուսուցիչներին և հույս հայտնեց, որ եռօրյա վերապատրաստումն արդարացրել է մասնակիցների սպասելիքները։
«Կրթական համակարգում մեծածավալ բարեփոխումներ են մեկնարկել, որոնք պետք է սկսել ձեզնից։ Դուք եք ամենօրյա ռեժիմով աշխատում աշակերտների հետ, ու ամեն սխալ կամ թերի աշխատանքային օրն արդեն ձեզ հետ է պահում պրոցեսից»,-նշեց պրոռեկտոր Հարությունյանն ու շնորհակալություն հայտնեց վերապատրաստումը կարևորելու համար․ դա վկայում է՝ աշակերտները հուսալի ձեռքերում են։
Տիգրան Միքայելյանը կարծում է, որ հավաստագիրը մասնագիտական ջանքերի արդյունք է և կլինի արժեքավոր ուսուցիչների աշխատանքում։ Նա ևս մեկ անգամ հպարտությամբ նշեց, որ ծնվել է մանկավարժների ընտանիքում և շատ լավ պատկերացնում է ուսուցիչների և նրանց ընտանիքի առօրյան․ «Մի շարք մաղթանքների կողքին՝ ձեզ «սուր աչք» եմ մաղթում՝ տեսնելու ներկայիս սերնդի յուրահատկությունները, գաղափարներն ու արժեհամակարգը։ Լիահույս եմ, որ վերապատրաստման ընթացքում ստացած գործիքակազմը կլինի խիստ օգտակար և արդյունավետ»։
Սաթենիկ Սարգսյանն էլ վստահեցրեց՝ ցանկացած փոփոխության առանցքում ուսուցիչն է և հենց նրանով է պայմանավորված այդ փոփոխությունների հաջողությունն ու արդյունավետությունը։
Վերապատրաստող դասախոսը հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքում ստեղծված պրոդուկտը կներդրվի դպրոցներում, իսկ համագործակցությունն ու հանդիպումները ուսուցիչների հետ կլինեն շարունակական։