Այսօր հանդիսավորությամբ հավաստագրեր հանձնվեցին «Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացների մասնակիցներին։
Դասընթացին մասնակցել են ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության շուրջ 130 ուսուցիչներ, ինչպես նաև ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության, Օտար լեզուների ֆակուլտետների դասախոսներ։
ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վերապատրաստման մասնակիցներին՝ ուրախությամբ նկատելով, որ ծրագրի գաղափարը, մասնագետները, նրանց պատրաստվածությունը, փոխանցած հմտություններն ու գիտելիքները լիովին արդարացրել են մասնակիցների սպասումները։
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի և կրթության նախագծերի համակարգող Տատյանա Դրոնսկայան ընդգծեց ՀՊՄՀ-ի հետ երկարամյա գործընկերության կարևորությունը։
Վերջինս նշեց, որ իրենց կառույցի նպատակն է օգնել Հայաստանում ռուսերենի մասնագետներին․ վստահ է՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի մասնագետները, որոնք հայտնի են իրենց մանկավարժական մեթոդաբանությամբ, կնպաստեն գործընթացի պատշաճ իրականացմանը։
Տատյանա Դրոնսկայան նախագիծը կարևորեց նաև փորձի փոխանակման տեսանկյունից․ ռուս գործընկերների համար պակաս կարևոր չէ գործընկեր բուհի դասավանդման նորագույն մեթոդներին ծանոթանալը։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ին արդյունավետ գործընեկերության համար և հույս հայտնեց, որ այս օրերին Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ներկայացուցիչների փոխանցած գիտելիքները օգտակար կլինեն և կունենան գործնական կիրառություն։