Այսօր Մանկավարժական համալսարանում հերթական պարտադիր ատեստավորման դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր․ գործընթացին մասնակցել է ՀՀ մարզերի 137 ուսուցիչ՝ 21 մասնագիտությունների գծով։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ուսուցչական համակազմին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ վերապատրաստման գործընթացը բերահաջող ավարտելու առթիվ։
Ռեկտորը կարևորեց ուսուցիչների ձգտումն ու նվիրումը մանկության սուբյեկտին, խոսեց փոփոխվող արժեհամակարգի, մեթոդների, մատուցման եղանակի մասին և նկատեց, որ մեծ- մանուկ հաղորդակցման երկխոսութունը տեղի ունենում նոր ձևաչափով։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ վերապատրաստումը երկխոսության յուրատեսակ ձևաչափ է․ մասնագիտական ձեռքբերումներին զուգահեռ մասնակիցների առաջարկներն օգնում են վերանայել և բարելավել գործընթացը։
Նա հորդորեց ուսուցիչներին մասնագիտական իղձերն իրականացնել դպրոցական տիրույթում և հույս հայտնեց, որ վերապատրաստման ընթացքում ձեռք բերած նորարարական գիտելիքները կնպաստեն հետագա աշխատանքների բարելավմանը։
Սրբուհի Գևորգյանը խոսեց նաև կրթական տարբեր տեսությունների ազդեցության մասին՝ վստահեցնելով՝ բուհը կարևորում է ուսուցչի խնդիրներն ու մասնագիտական զարգացումները․ «Մեզ համար կարևոր է գործող ուսուցչի խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Դրանց են միտված նաև բուհի մասնագիտական ամբիոնների գործունեությունները, որոնցից կշահի ուսուցիչը, դասախոսը, ուսանողն ու աշակերտը։ Հույս ունեմ, որ վերապատրաստումների շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կծառայեն դպրոցին և սովորողներին․ յուրաքանչյուրդ ձեր գործունեության շրջանակում կլինեք լավագույնը»։
«Չեմ սխալվել՝ ընտրելով Մանկավարժական համալսարանը»,- ասում է վերապատրաստման մասնակից, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Այծեմնիկ Նահապետյանը, որը շուրջ 5 տասնամյակ դասավանդում է դպրոցում։
Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու և փորձառության համար։ Չափազանց արժևորում է նաև մարդակային գործոնը, ինչով էլ առաջնորդվում է կյանքում, և այն փոխըմբռնումը, որին հանդիպեց գործընթացի ողջ ընթացքում։ Կարծում է, որ սա իր վերջին վերապատրաստումն է, սակայն գործընթացի վերաբերյալ ունի դիտարկում․ կարևորեց պրակտիկայի ժամաքանակի ավելացումը։
Այծեմնիկ Նահապետյանն կարևորեց սովորողների հայեցի դաստիարակությունը, որին, ըստ նրա, պետք է ձգտի յուրաքանչյուր ուսուցիչ։
Բուհի ղեկավար կազմը հավաստագրեր հանձնեց գործընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչներին և վստահեցրեց՝ վերապատրաստումների ընթացքը նորովի վերակազմավորվելու գործընթաց է։