«Մեկդարյա հարուստ կենսափորձով, արարման հրաշքով առանձնանում է գիտության այս դարբնոցը, որն ազգի հիմնական շնչերակն է ու կյանքի աղը։ Մանակավարժական համալսարանում են թրծվում մարդիկ, ովքեր նվիրյալ զինվորների նման առաջին շարքերում են և իրենց ջերմությամբ կարող են ճեղքել կյանքի ցուրտը, հանել ներքին ճառագայթները և լուսավորել սերունդների կյանքը։ Բուհը, որն առանձնանում է իր հարուստ կենսափորձով, մանկավարժական առաջավոր մտքի ինքնատիպ արծարծումներով, լուսավոր գործունեության շղթա է։ Նրանք մշտավառ են պահում ուսուցումը նորարարական մեթոդներով սերունդներին փոխանցելու գերխնդիրը»,-այս համոզմանն են Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի N 1 դպրոցի ուսուցիչները, որոնցից շատերը ՀՊՄՀ-ի տարբեր տարիների շրջանավարտներ են:
Վերջիններս բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթի հյուրընկալվել էին հարազատ կրթօջախում՝ փոխանցելու մարդկության լուսավոր այն միտքը, որ թրծվել էր Մեծ Լուսավորչի անունը կրող մանկավարժական դարբնոցում։
«Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» և «Արվեստի պատմություն»․ դպրոցական մի շարք առարկաների համակցության արդյունքում՝ դպրոցականներն ու ուսուցչական համակազմը ներկայացրին թատերական բեմադրություն, որն ընդգրկում էր Խաչատուր Աբովյանի դորպատյան տարիները, մանկավարժի՝ այդ շրջանի մտորումները, հուշագրությունը, նրա առօրյայի գեղագիտական ու ոգեշնչող կողմը։
Ինտեգրված բաց դասի անցկացման օրը պատահական չէր․1848 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն է անհետացել կրթության Լուսավորիչը։ Ինչպես մասնակիցներն են նկատում՝ պատմագրությունը, որ սովորաբար առատաձեռն է լինում, այս անգամ բավական ժլատ գտնվեց։ Կան բազմաթիվ դիտարկումներ, վարկածներ, բայց բուն ճշմարտությունն այդպես էլ մնաց պատմության լուսանցքում։
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Քարմիլե Առաքելյանը հպարտությամբ է նկատում՝ այսօր, արդեն տարիների փորձ ու վաստակ ունեցող մանկավարժներն իրենց կրթությունը ստացել են այս պատերի ներսում և հետագայում ստանձնել ուսուցչի համեստ, բայց հավերժությանը պատկանող գործը․«Մենք սերունդն ենք մեծագույն այն մանկավարժի, որն առաքելություն էր ստանձնել լուսավորելու իր ազգը, որն իր բովանդակ ջերմեռանդությամբ զինվորագրվել էր այդ գործին, որին չեն կասեցրել հալածանքն ու հակառակությունները։ Աբովյանի մեջ խտացված Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղթոքը փոխանցվել է սերունդներին, որոնք պարտավոր են իրենցից եկող սերունդների մեջ ևս վառ պահել ազգային հոգու մասունքները»,-շնորհավորելով հարազատ կրթօջախին և պրոֆեսորադասախոսական կազմին նշեց Քարմիլե Առաքելյանը՝ մաղթելով կրթության նորանոր բարձունքներին և նվաճումներին հասնելու բերկրանք. « Հողմերին սովոր արծիվ պատրաստեք և կապույտ լազուրում ազատ սավառնելու գաղտնիքներին ծանոթացրեք, այնպես, ինչպես արել եք շուրջ մեկ դար»։
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ի ղեկավարությանը, մասնավորապես, Մանակավարժության ամբիոնին` մշտապես աջակցելու և համագործակցելու համար։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության, պոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց բացառիկ միջոռացման համար, վստահեցնելով՝ Մեծ Լուսավորչի անունը կրող հաստատությունները կշարունակեն արդյունավետ համագործակցությունը․«Իր հարյուրամյա պատմության մեջ բուհն ունեցել է մեկ առաքելություն՝ պատրաստել մասնագիտական բարձր որակավորմամբ և արժեբանությամբ մանկավարժներ։ Թատերական ներկայացումը, իր վսեմ դրսևորումներով, ճանաչողական և հուզական տարրերով, դրական ազդեցություն թողեց ներկաների սոցիալական վարքագծի վրա»։
Կրթական հաստատությունների ղեկավարները միմյանց փոխանցեցին խորհդանշական նվերներ։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ինտեգրված բաց դասը ստացված համարեց՝ ընդգծելով՝ սա շրջանավարտների հաշվետվությունն էր իրենց սիրելի բուհին, որին տրվեց մանկավարժական բարձր գանահատական։
Պրոֆեսորը վստահ է՝ այն գործը, որում միտք և սիրտ է դրված, չի կարող չհաջողել, ուսուցչի դեպքում՝ առավել ևս։
«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը։ Խաչատուրը մի կտոր Հայաստան է, որն իր մեջ ունի նրա ամբողջությունը։ Եվ այն օրերից սկսած հավերժական Արարատի գագաթից ամեն առավոտ լուսո աստվածաընծա շող էր ճառագում Երևանի սրտում՝ աշխարհագրական այն դիրքում, ուր 1922 թվականին ոսկեձեռիկ վարպետները դրեցին մանկավարժական ինստիտուտի հիմնաքարը։ Այդ օրվանից սկսած հավերժական արևի մեջ ժպտում է Մեծ Լուսավորիչը՝ տեսնելով, որ իր սիրտն արժանի տեղում է բաբախում»,-եզրափակեցին կրտսեր աբովյանականները։