ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայալեզու նոր դասագիրք՝ ընդհանուր հոգեբանության ոլորտում
12.04.2023
Հայալեզու նոր դասագիրք՝ ընդհանուր հոգեբանության ոլորտում

Մանկավարժական համալսարանում կայացավ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյանի՝ «Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագրքի շնորհանդեսը։

Հայալեզու դասագրքում ներկայացված են հոգեբանության հիմունքները, քննարկված են հոգեբանության զարգացման փուլերի, հոգեկանի կենսաբանական հիմքերի խնդիրները, ուսումնասիրության մեթոդները, հոգեբանական տեսությունները, իմացական գործընթացները և այլն։

Շնորհանդեսին, որ նաև համընկել էր հեղինակի ծննդյան օրվա հետ, ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը դասագրքի լույսընծայումը կարևոր և սպասված իրադարձություն համարեց ինչպես ֆակուլտետի դասախոսական, այնպես էլ ուսանողական համակազմի համար։

Հոգեբանական գիտության բնագավառում մեթոդաբանական հիմնարարության տեսանկյունից աչքի ընկնող ձեռնարկը, հեղինակային մոտեցումը, ռեկտորի դիտարկմամբ, բավարարում է ժամանակակից դասագրքի բոլոր պահանջներին։

Պրոֆեսոր Գևորգյանը բարձր գնահատեց Սուսաննա Փիլոսյանի անուրանալի ներդրումը գիտամանկավարժական ոլորտում և շնորհակալություն հայտնեց նրան գրքաստեղծ լինելու, հոգեբանական գիտելիքը մանկավարժական տիրույթում պահպանելու տագնապի, առողջ ձեռքերում այն տեսնելու, մասնագիտական գիտելիքը սերնդեսերունդ փոխանցելու կարևոր առաքելության համար։

Նա վստահ է՝ հեղինակ-ուսանող կամրջելու ճանապարհին դասագիրքն ընդհանուր հոգեբանության ոլորտում երկխոսելու լավագույն առիթն է։

«Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագիրքը գրված է հոգեբանության տեսական և գործնական ժամանակակից ձեռքբերումների հիման վրա։ Առաջին անգամ որպես ուսումնամեթոդական ձեռնարկ հրատարակվել է 2017 թվականին, ապա երկու անգամ համալրվել և հարստացվել է հեղինակի կողմից։

Մասնագետները նկատում են՝ հոգեբանության տեսության բոլոր հիմնարար բաժինները ներկայացված են պարզ, մատչելի գիտական լեզվով, ինչը կարևոր է ուսուցման գործընթացի համար։ Ուսումնական ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, դասավանդող մանկավարժների, «մարդ-մարդ» համակարգում աշխատող մասնագետների, ժամանակակաից մարդու՝ որպես անհատի, անձի և անհատականության ողջ համակարգի ձևավորման գործոններով հետաքրքրված անձանց համար։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը դասագրքի ստեղծումը նշանակալի իրադարձություն և ֆակուլտետի կարևոր ձեռքբերումն է համարում։

Վստահ է՝ այն կլրացնի հայալեզու դասագրքերի պակասը և ընդհանուր հոգեբանության ոլորտում ուսանողների համար կդառնա յուրատեսակ քարտեզ ու հենք։

«Գիրքն արդեն իսկ հարթել է իր ճանապարհը․ ուսումնական նյութը փորձարկվել է «Ընդհանուր հոգեբանություն» դասընթացի դասավանդման շրջանակներում։ Սա է նաև պատճառներից մեկը, որ գրքի բովանդակությունն ուսանողների համար առավել հասկանալի և ըմբռնելի է՝ դառնալով սեղանի գիրք»,-շնորհանդեսին նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու Անի Ավագյանը։

Բանախոսն ընդգծում է՝ Սուսաննա Փիլոսյանն իրեն բնորոշ գիտական ազնվությամբ, պարկեշտությամբ, մեծ պատասխանատվությամբ և բացառիկ մանրախնդրությամբ է ստեղծել դասագիրքը։

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն էլ նկատում է՝ ամենապահանջված գրքերը Փիլոսյանի հեղինակածներն են․դրանք մաշվել են ուսանողների ձեռքում։

Ինքը՝ հեղինակը, ձեռնարկն իր և Մանկավարժական համալսարանի համագործակցության արդյունք է համարում, բուհին՝  համահեղինակ։

Իրեն Մանկավարժականի ծնունդ համարելով՝ խոստովանում է՝ այստեղ է նրան տրվել հոգեբանության ոլորտում մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները։ Այդ տարիներին հանդիպել է հոգեբանության ոլորտի հսկաների, որոնք իրենց հետքն են թողել դասագրքում։

Պրոֆեսոր Փիլոսյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և հույս հայտնեց, որ իր գործունեությամբ փոխհատուցել է հարազատ կրթօջախին։

Հոգեբանական գիտությունների թկնածու Ռուբեն Աղզումցյանը, որ նաև գրքի գրախոսն է, վստահեցնում է՝  դասագիրքը տարբերվում է նախորդներից։  Պրոֆեսորը խորհուրդ է տալիս այն ընթերցել նաև մասնագետներին․ լինելով ոլորտի ներկայացուցիչ՝ իր համար ևս նոր բացահայտումներ է արել։

Շնորհանդեսն ուղեկցվեց ֆիմի ցուցադրությամբ․ ներկայացվեց Սուսաննա Փիլոսյանի գիտամանկավարժական գործունեությունը, գիտական հետաքրքրությունների շրջանակը, ընդարձակ և ընդգրկուն գիտահետազոտական ուսումնասիրությունները, գիտության և մանկավարժական կրթության զարգացման գործում նրա ունեցած հարուստ փորձն ու ավանդը։