ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայաստանում մշակույթի զարկերակը բաբախում է». բացվեց ուսանողական աշխատանքների ցուցադրություն
29.03.2018
«Հայաստանում մշակույթի զարկերակը բաբախում է». բացվեց ուսանողական աշխատանքների ցուցադրություն

«Մեր փոխարեն խոսում են մեր աշխատանքները: Ուսանողներին հորդորում եմ՝ ստեղծագործելիս լինել ազնիվ և պահպանել գեղարվեստականությունը»,-նշեց ՀՊՄՀ օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ, ՀՀ վաստակավոր գործիչ Սամվել Սևադան՝ այսօր կայացած «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության ժամանակ:

Ուսանողական լուսանկարչական աշխատանքների հիմքում ՄԱԿ-ի-2030 զարգացման օրակարգի կայուն զարգացման նպատակներն են, որոնց շուրջ էլ ստեղծագործել են ապագա լուսանկարիչները. գեղարվեստական լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի 14 ուսանող ցուցադրության էր ներկայացրել շուրջ 60 լուսանկար, որոնք ընտրվել էին մի քանի հարյուր աշխատանքներից:

Կուրսի ղեկավար Սամվել Սևադայի կարծիքով՝ նման ձևաչափով ցուցադրվելը մեծ ոգևորություն է հաղորդում ուսանողներին. «Նրանց աշխատանքը գնահատում եմ գերազանց. մի քանի ամսվա կատարածը ամփոփվում է լուսանկարներում, որոնք հետագայում կցուցադրվեն նաև Հայաստանի մի շարք քաղաքներում, զորամասերում և այլուր»:

Սամվել Սևադան նկատում է՝ լուսանկարչությունն այսօր սիրված արվեստ է, և գեղարվեստական լուսանկարչությամբ զբաղվողներին հորդորում՝ սերտ կապի մեջ լինել Մանկավարժական համալսարանի համանուն ամբիոնի հետ, որն ամեն ինչ անում է լուսանկարչական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու և պրոֆեսիոնալ լուսանկարիչներ պատրաստելու գործում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը և վստահեցրեց, որ ցուցադրությունն ունի կարևոր նշանակություն. «Սա աննախադեպ հնարավորություն է, որը նոր բովանդակություն է հաղորդում ուսումնական գործընթացին»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ բուհում Սամվել Սևադայի գործունեությունը հպարտանալու առիթ է տալիս:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփին կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական:

«Ցուցահանդեսի թեման օրակարգի նպատակների շուրջ է, որը մեզ հուշում է, թե աշխարհի տարբեր երկրներն ավելի լավ ապագայի համար ինչպես պետք է առաջ գնան: Երբեմն ունենում ենք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց շուրջ չենք կարողանում գտնել լավագույն լուծումներ. մեզ անհրաժեշտ է երիտասարդների եռանդն ու ավյունը, հնարավորությունները, որոնցով հաղորդակցվում են ամենատարբեր համայնքների հետ»,-նշեց Շոմբի Շարփինը:

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր լուսանկարում երևում են կայուն զարգացման նպատակների իրագործման ուղիները, ապագայի հանդեպ իրական մարտահրավերները. «Աշխատանքների շնորհիվ մենք ևս մեկ անգամ խորհում ենք կայուն զարգացման նպատակների մասին»,-հավելեց Շոմբի Շարփինը:

«Հայաստանում մշակույթի զարկերակը բաբախում է: Նկարներում կա հայրենիքի հանդեպ մեծ սեր, որը պետության կառուցման երաշխիք է, ինչպես նաև ճաշակ, ինչն էլ մանկավարժական աշխատանքի արդյունք է»,-նշեց գրող, հրապարակախոս Հակոբ Մովսեսն ու հավելեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, ինչը վկայում է՝ կազմակերպության կայուն զարգացման նպատակներում առկա է նաև ճաշակի գործոնը:
Հրապարակախոսի կարծիքով՝ ժողովուրդը կարող է լավ հասարակություն ու պետություն կառուցել, եթե դրանում գեղագիտական տարրեր մտցնի:

Հայկ Հովհաննիսյանն արդեն 2-րդ անգամ է մասնակցում ցուցահանդեսին, ոգևորված է, քանի որ ուսանողական տարիներին նման ցուցադրության մասնակցելն ավելի է ամրապնդում լուսանկարչության հանդեպ սերը:
«Լուսանկարչությունը կյանք է, որի միջոցով հնարավոր է զգացողությունները հաղորդել հազարավոր մարդկանց»,-վստահեցնում է Հայկ Հովհաննիսյանն ու խոստովանում, որ լուսանկարչությունն իր կյանքի լավագույն ձեռքբերումներից է:

Ելենա Խաչատրյանը ցուցադրության է ներկայացրել 5 աշխատանք, որոնցում գրքի, արժանապատիվ աշխատանքի հանդեպ սերն է ու աղքատությունը: Ապագա լուսանկարիչը վստահեցնում է՝ պրոֆեսիոնալների, ավագ կուրսընկերների կարծիքները շատ կարևոր են մասնագիտական կայացման ճանապարհին. «Լուսանկարչությունն ինձ համար սեր է, սիրելի մասնագիտություն»,-հավելեց ուսանողուհին:

Ուսանողները Մանկավարժական համալսարանի կողմից խրախուսվեցին դրամական պարգևներով: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ուսանողներին հանձնեց հավաստագրեր, իսկ Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանին և դոցենտ Սամվել Սևադային՝ շնորհակալագրեր՝ ցուցադրության լավագույնս կազմակերպման համար: Նշենք, որ «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: