«Մինչ Հայաստան գալը, երկրի պատմությունը չէի ուսումնասիրել։ Այս ամենը հրաշք է․ սիրեցի Հայաստանը հենց այն րոպեից, երբ ինքնաթիռից Արարատը տեսա»,-նշում է «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի մասնակից, Հունգարիայի Պիտեր Պազման կաթոլիկ համալսարանի ուսանող Վիկտոր Հեգեդիսը՝ խոսելով հայաստանյան երեք օրերի մասին։
Նորավանքի վանական համալիր, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ Գլաձորի համալսարանի պատմության և մշակույթի թանգարան և Թանահատ վանք․ այս այցերով էր առանձնացել «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի երկրորդ օրը տարբեր երկրներից եկած ուսանողների համար։
«Հայաստանի լեռներում լարվածությունս անցավ, և հասկացա՝ մարդն իսկապես բնության մասնիկն է։ Նման բնություն ես չեմ տեսել իմ այցելած ոչ մի երկրում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ռուս ուսանողուհի Մարիա Տալստովան։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները եղան նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ծանոթացան հին ձեռագրերին ու գրքերին։ Օտարերկրացի ուսանողներից շատերի համար անմոռանալի էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցը, երբ բացահայտեցին պատմական մի շարք հարցերի պատասխաններ։
Խոսելով մեր երկրում անցկացրած երկու-երեք օրերի մասին՝ օտարազգի երիտասարդները նշում են․ «Հայաստանում Ճարտարապետությունը հարմոնիայի մեջ է։ Բոլոր կառույցները նույն ճարտարապետական ոճն ունեն, ինչը երկիրը դարձնում է յուրահատուկ»։
«Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագիրը շարունակվում է․ առջևում մասնակիցներին սպասվում են նոր բացահայտումներ, այցելություններ Էջմիածին, Գեղարդ, Գառնի, պատմամշակութային այլ վայրեր։
Հասմիկ Կոշկարյան