ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանի անվան լսարանի բացմամբ բուհում մեկնարկեց պատմության ու մշակույթի երախտավորի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը նոր որակ ստացավ հենց նրա ղեկավարման տարիներին. փոխվեցին ուսումնական պլանները, մագիստրոսական թեզերի թեմաները՝ հիմքում դնելով գիտական ուղղությունը:
Հետաքրքրական է, որ պրոֆեսորի անունը կրող լսարանը ձևավորվել էր դեռ նրա կենդանության օրոք. Լավրենտի Բարսեղյանի նախաձեռնությամբ են այստեղ մեկտեղվել նրա իրերը, տարիների ընթացքում հավաքած մասնագիտական գրքերը, որոնք նոր որակ պետք է հաղորդեին ապագա թանգարանագետներին կրթելու գործում:
Լավրենտի Բարսեղյանն անգնահատելի դերակատարություն է ունեցել նաև ՀՊՄՀ-ի 90-ամյակի առթիվ հիմնադրված բուհի պատմության թանգարանի ստեղծման գործում: Թանգարանում այսօր բացվեց նրա կյանքին ու գործունեությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որտեղ տեղ են գտել գիտնականի լուսանկարները, անձնական իրերն ու շքանշանները:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի խոսքով՝ Լավրենտի Բարսեղյանն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է երիտասարդների մասնագիտական պատրաստումն ու երիտասարդ կադրերին օժանդակելը: «Որպես ամբիոնի վարիչ ուսուցման ընթացքում նա մեծ տեղ էր հատկացնում գործնական պարապմունքներին, ուսումնական պրակտիկային: Այդ տարիների ընթացքում ուսանողները ամբիոնի դասախոսների ուղեկցությամբ պարտադիր այցելում էին Հայաստանի թանգարաններն ու հուշարձանները»,-հավելեց թանգարանի տնօրենը::
«Նա մարդ էր, ում և´ բանավոր, և´ գրավոր խոսքով հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել. բոլորի ընկերն էր, ուսուցիչն ու ղեկավարը հանուն մեկ նպատակի»,-նշեց ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և խոստովանեց, որ հայոց պատմամշակութային ժառանգության հանդեպ հարգանքն ու սերը իր մեջ սերմանել է Լավրենտի Բարսեղյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արա Թարվերդյանը կարևորեց գիտնականի 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը և հավելեց, որ սրանով սկիզբ է դրվում նոր ավանդույթի՝ ներկայացնել այն երախտավորների կյանքն ու գործունեությունը, որոնք մեծ դերակատարում են ունեցել ազգային ժառանգության պահպանման մեջ:
«Նա փայլուն կերպով կարողանում էր համատեղել և ղեկավարել իրեն վստահված պաշտոնները, որովհետև իր գործունեության առանցքում հասարակության ու հանրության շահն էր: Նա գործի մարդ էր և բնավ չէր տառապում հիվանդագին կարիերիզմով»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագրով գիտաժողովի ընթացքում և հավելեց, որ պրոֆեսորի հիմնած թանգարանները մինչ օրս բացառիկ են իրենց նշանակությամբ և երևույթ հայ հասարակական կյանքում:
Ռեկտորը ընդգծեց՝ չնայած նրա հետ աշխատելը հեշտ չէր, բայց հենց դա էր նրա գործի հաջողության բանալին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան Լավրենտի Բարսեղյանի գործընկերները, տարբեր տարիների ուսանողներ, մարդիկ, որոնք մասնագիտական առաջին փորձառությունը ստացել են կարկառուն գիտնականից։
«Նա կրթեց մի սերունդ, որ այսօր լուրջ գործունեություն է ծավալում երկրի թանգարանային համակարգում: Չկա մեկը, որ աշխատել է նրա հետ և նրանից չի սովորել. նա ուսուցիչ էր, որ պարտադրում էր աշխատել և անդադար կարդալ»,-իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սերժիկ Առաքելյանն ու վստահեցրեց, որ մտավորականից մեծագույն արժեքներ է ստացել:
Լավրենտի Բարսեղյանի մասին հուշեր ներկայացրեց նրա գործընկերներից Նորա Դայանը՝ իր խոսքում ընդգծելով ղեկավարի, գիտնականի ամենատես ու հետևողական աշխատանքը, ինչի շնորհիվ նրա աշխատակիցների մոտ ձևավորվում էր բարսեղյանական ձեռագիրը:
«Պահանջկոտ էր, վճռական, բայցև ներողամիտ և աջակից ցանկացած հարցում»,-հավելեց Նորա Դայանն ու վստահեցրեց, որ նա լուրջ ներդրում է ունեցել յուրաքանչյուր թանգարանագետի մասնագիտական կայացման գործում: