Հուլիսի 1-ից Հայկական պետական մանկավարժական համալսարանում վերապատրաստվող սփյուռքահայ 60 ուսուցիչ հայրենաճանաչության իրենց կարևորագույն դասը սկսեցին հայ ժողովրդի համար երկու սրբավայր ուխտատեղիներից՝ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր. ուսուցիչներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում:
Տասնչորս երկրից ժամանած ուսուցիչները հարգանքի և խոնարհումի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ապա այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու էդիտա Գզոյանը ողջունեց Սփյուռքից ժամանած արևմտահայ և արևելահայ ուսուցիչներին՝ նշելով, որ նրանց ծառայությունն անգնահատելի է. նրանց ուսերին է դրված հիմնական ծանրությունը՝ հայ երեխաների հայկական ինքնությունն ու ազգային հիշողությունը պահպանելու բարդագույն գործը:
Էդիտա Գզոյանն ուսուցիչներին ներկայացրեց թանգարան-ինստիտուտի գործունեությունն ու հպարտությամբ ընդգծեց, որ իրենց անմիջական ջանքերի շնորհիվ այսուհետ հայաստանյան դպրոցներում կդասավանդվի «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» առարկան, իսկ մոտ ապագայում լույս կտեսնի այդ թեմայով մեթոդաբանական դասագիրքը: Նա կարևորեց դասագրքի անհրաժեշտությունը նաև Սփյուռքի վարժարաններում:
Ուսուցիչները շրջեցին թանգարանում, որտեղ պահվում են աղետի մասին պատմող վկայագրեր, նկարներ, տեսանյութեր, իսկ թանգարանի մասնագետ Անժելա Թևեքելյանն ապացուցված նոր փաստագրումներով ներկայացրեց նախաեղեռնյան և բուն Եղեռնի շրջանում Օսմանյան կայսրությունում արևմտահայերի ողբերգական կեցությունը, հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները․ «Սեփական ժողովրդի պատմության իմացությունն անհրաժեշտություն է: Պետք է հիշենք և պատմենք հաջորդ սերունդներին»,-հանդիպման ավարտին նշեց իր նախնիների ջարդի պատմությունը գրի առած Անժելա Թևեքելյանը:
Ուսուցիչներն այցելեցին նաև Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին: