«Անդրանիկներ ծնվո՞ւմ են այսօր…իհարկե ծնվում են: Յուրաքանչյուր հայ երիտասարդ Անդրանիկ է, միայն թե աղոթում եմ, որ մարտի դաշտում Անդրանիկ լինելու առիթ երբևէ չլինի»,-նշեց Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարիամ Եղյանը՝ «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» խորագրով միջոցառման ընթացքում:
Միջոցառում-ցերեկույթը, որին մասնակցում էին Կուլտուրայի ֆակուլտետի տարբեր բաժինների 1-ին կուրսերի ուսանողները, կազմակերպվել էր մայիսյան հաղթանակների առթիվ, սակայն ներկայացնում էր հայոց պատմության տարբեր տարիների հաղթանակներն ու հերոսական էջերը:
Երգեր, բանաստեղծություններ, հուշեր, պարային համարներ, երախտիքի խոսքեր. այն հիշողության յուրօրինակ դաս էր, որ ինչպես պատերազմի մասնակիցներին ու ժամանակակիցներին, այնպես էլ երիտասարդներին ևս մեկ անգամ վստահեցրեց՝ հայ ազգը կա, պիտի լինի ու դեռ շատանա:
Միջոցառմանը ներկա էին Արցախյան, Ապրիլյան պատերազմների մասնակիցների ծնողներ, ուսանողներ, հյուրեր: Նրանք շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության և յուրօրինակ ձեռնարկի համար՝ ընդգծելով, որ նման շնորհալի և երախտապարտ սերունդ ունենալը ոգեշնչող է:
«Մայիսն ինձ համար սգո, բայցև հաղթանակների ամիս է: Բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել, բայց սա ուրիշ էր իր ասելիքով. մենք երբեք բացակա չենք դնի մեր զավակներին»,-նշեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Փոխգնդապետ Աիդա Սերոբյանն էլ, որը կամավոր մեկնել է Արցախ և սկզբից մինչև վերջ որպես բուժքույր մասնակցել մարտերին, ներկաներին պատմեց պատերազմի, Շուշիի ազատագրման մասին հուշեր, ապա հավելեց, որ հպարտություն է պատերազմ չտեսած սերնդից լսել նման ոգեկոչող ու երախտիքի խոսքեր:
«Այսօր դուք հիշողության դաս արեցիք, որն ասաց՝ մենք կանք, պիտի լինենք ու միշտ շատանանք: Եղած խնդիրը լուծելու է զինվորը, հրամանատարը, քանի որ այս սերունդը կրում է Աղբյուր Սերոբի, Անդրանիկի և պատերազմում հերոսացածների արյունը»,-նշեց ՀՊՄՀ-ի Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու շնորհակալություն հայտնեց ձեռնարկի համար:
Միջոցառման նախաձեռնող, ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարիամ Եղյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին մասնակցության համար և հույս հայտնեց, որ որպես ապագա մանկավարժներ նրանք կգնան պատմության հետքերով և հայրենիքի, ազգի պատմության հանդեպ սեր կարթնացնեն իրենց աշակերտների մեջ: