«1922 թվականին հիմնադրված Մանկավարժական համալսարանի պատմության ընթացքը կապվում է Պատմության և հասարակագիտության, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետների տարեգրության հետ։ Այս կառույցները վկաներն են բուհում կատարված մեկդարյա զարգացումների, կրթության ոլորտում առկա խնդիրների հաղթահարման և ուղղորդման, ինչը պատվով շարունակում են առ այսօր։ Մասնագիտական խորը գիտելիքներով, կարողություններով, հմտություններով զինված և 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող պահանջներին համապատասախան շրջանավարտների ևս մեկ սերունդ այս բաղձալի օրը հրաժեշտ է տալիս իր կրթօջախին։ Այն առաքելությունը, որը դրված է այս ֆակուլտետների մասնագիտական գործունեության մեջ` անփոխարինելի է»,-այսօր իր ելույթում նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ ավարտական գերազանցության վկայականներ հանձնելով աբովյանականներին։
Բուհի ղեկավարը մասնագիտական դիտարկումներ կատարեց հոգեբանության մեջ հայտնի՝ հույզ-ինտելեկտ-վարք եռանկյունու, անձի ինքնաիրացման, վաղվա անհատների ձևավորման, պատմության մեջ անհրաժեշտ փոփոխությունների ներդրման վերաբերյալ, ինչը մեծապես պայմանավորված է հենց այս մասնագետներով։
Ռեկտոր Գևոգյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց հիշել ուսանողական առաջին օրերն ու այսօր արդեն վերլուծել և արժևորել այն մասնագիտական և անձնային փոփոխությունները, որ կրել են այս տարիների ընթացքում։
Նա վստահ է՝ ուսանողներից շատերը մասնագիտական առաքելությունը կշարունակեն հարազատ բուհում․ դահլիճում ներկա պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից շատերն էլ ժամանակին ավարտել են Մանկավարժական դարբնոցը։
Հանդիսավոր և հիշարժան օրվա առթիվ շրջանավարտներին Սկզբնական կրթության ֆակուլտետի անունից շնորհավորեց, հաջողություններ, մասնագիտական և անձնային նորանոր ձեռքբերումներ մաղթեց դեկան Հեղինե Խաչատրյանը։
Ուսումնական այս տարում Սկզբնական կրթության ֆակուլտետն ավարտեց 237 ուսանող, նրանցից 34-ը՝ գերազանցության դիպլոմով։
Ֆակուլտետի դեկանը շրջանավարտներին հիշեցրեց՝ ավարտական դիպլոմը պարտավորեցնում է երեխայի կողքին լինել ոչ միայն գիտելիքով, այլև մտերմության և սիրով ողողելու մեծ առաքելությամբ․«Ձեր դասարանում է, որ երեխան փորձելու է, վստահելու է, ձախողելու է, հասկանալու է իր սխալներն ու հաջողելու է։ Դուք եք, որ լուսավորելու եք նրանց գիտության մեջ, դուք եք այն ձեռքը, հայացքը, որ բարձրացնելու է նրանց։ Տարիներ անց, գուցե ձեր սաները մոռանան մի շարք բանաձևեր, կանոններ, որ սովորեցրել եք, սակայն չեն մոռանա, այն ուժը, ներշնչանքն ու վստահությունը, որ հաղորդել եք նրանց։ Թող հասարակությունը գնահատի և արժևորի ձեր առաքելությունը»,-բարի երթ մաղթելով ուսանողներին՝ նշեց դեկանը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ օրը նվիրական է համարում․ այս օրը կերտվում է կյանքի պատմությունը, այսօր շրջադարձային այն կետն է, երբ ուսանողը ստանում է մասնագիտական որակավորում, որն ուղեկցելու է նրան ողջ կյանքի ընթացքում։
Դեկանն ընդգծում է՝ ավարտական դիպլոմը սոսկ թղթե հավաստիացում չէ, այլ ուսումնական տարիներին ձեռք բերած գիտելիքների հանրագումար, որը ծառայեցնելու են կարիերային, անձնային բարեկեցությանն ու ամենակարևորը՝ պետությանն ու երկրին։
Մասնագիտությամբ պատմաբան դեկանը նկատում է՝ հայրենիքի սահմանները պահում են ոչ միայն զենքով, այլև գիտությամբ և կրթությամբ․ պատահական չէ՝ մեծն Մեսրոպ Մաշտոցը, որ զինվորական էր, հասկացավ այդ կարևոր պատգամը։
«Նախորդ 4 տարիները հեշտ չեն եղել․ ֆակուլտետն այսօր ավարտում են կորոնավիրուսը հաղթահարած, պատերազմն անցած տղաներ, ուսանողներ, որ այսօր պետք է ավարտական դիպլոմներ ստանային Արցախի պետական համալսարանում։ Այսօր դուք եք կրթության դեսպանները․ լիահույս եմ, որ արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունը, բարձր կպահեք բուհի պատիվն ու կշարունակեք մեր գործը»,-նշեց դեկան Էդգար Հովհանիսյանն ու հավաստիացրեց՝ արել են հնարավոր ամենը, որ իրենց շրջանավարտներին զինեն 21-րդ դարին համապատասխան գիտելիքներով և կարողություններով։
Նշենք, որ այս ուսումնական տարում ֆակուլտետն ունեցավ 86 շրջանավարտ․ գերազանցության կարմիր դիպլոմ ստացավ՝ 28-ը։