ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները
03.06.2025
Հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները

Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Երեխան հարափոփոխ աշխարհում․ արհեստական բանականությունը և երեխան» խորագրով քարոզների մրցույթ։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական ձեռնարկն անցկացվում է Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ`արդեն 12-րդ անգամ։

Ինչպես նկատեց ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը՝ օրացույցի կարևորը օրը բուհում նշում են մանկությանը վերաբերող ուսանողների քարոզների և տեսահոլովակների մրցույթի միջոցով։

Պրոֆեսոր Թոփուզյանն իր խոսքում նկատեց՝ երեխան սրընթաց փոփոխվող աշխարհում նոր դարաշրջան է բացում կրթության մեջ․ սա նոր աշխարհ է իր պահանջներով, օգուտներով, վնասներով, մարտահրավերներով և մտահոգություններով։

Նա այդ համատեքստում հատկապես դժվար համարեց կրթություն իրականացնողների, մասնավորապես՝ ուսուցիչ պատրաստողների գործը։ Ըստ նրա, հարյուրավոր հարցեր են ծագել․ ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա ուսուցիչը, ովքե՞ր պետք է իրավունք ունենան աշխատել դպրոցում և ինչպե՞ս վարվել արհեստական բանականության հետ, որ այն դառնա զարգացման գործիք և ոչ նսեմացնող ուժ․ «Մենք պետք է նաև հասկանանք, որ արհեստական բանականության առկայությունը մարդկային պատմության մեջ մեծ թռիչք է․ մարդկության նոր տիպի անցում ենք ապրում»,-նշեց պրոֆեսորն ու հույս հայտնեց, որ քարոզների մրցույթը կպատասխանի որոշ հարցերի։

«Երեխան պետք է սովորի հարցեր տալ համակարգչին, բայց պատասխաններ փնտրի նաև կյանքում։ Նա պետք է ճանաչի արհեստական բանականությունը, բայց երբեք չկորցնի իր սրտի բանականությունը։ Մի թող, որ իմ մանկությունը միայն մետաղով ու ալգորիթմով լցվի։ Ես ուզում եմ հողով խաղալ, մորս ձեռքը բռնել, ուսուցչից ժպիտ որսալ։ Թող արհեստական բանականությունը օգնի ինձ սովորել, բայց դու մարդն ես, որ պիտի սովորեցնես ինձ ապրել»,- այս տարվա քարոզների մրցույթի հաղթող Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Ասյա Օսիպյանի ելույթից հատված է։

Բովանդակության համապատասխանությունը թեմային, մանկավարժական հասկացությունների առկայություն, հուզականություն, լսարանին գրավելու կարողություն․ հանձնաժողովը, առաջնորդվելով այս չափանիշներով, ընտրեց հաղթողներին։

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Բանասիրական ֆակուլտետի ուսանող Աննա Դավթյանը, որը վստահ է՝ մեր օրերում մանկավարժը պետք է լինի լուռ լապտեր՝ լուսավորի երեխայի ճանապարհը՝ առանց ճնշելու, առանց ուղղորդելու խստությամբ, լինի նրա կողքին՝ որպես ընկեր, վստահելի մարդ, մեծահասակ, որը չի վախենում ճանաչել երեխայի ցավն ու ուրախությունը։

«Եկե՛ք չթողնենք, որ հարափոփոխ աշխարհի խառնաշփոթի մեջ կորցնենք երեխաներին։ Եկե՛ք լինենք հենարան՝ ոչ թե պատ, ուղեցույց՝ ոչ թե քննադատ, ուժի աղբյուր, ոչ թե՝ վախի մարմնացում։ Հաճախ ասենք երեխային, որ սիրում ու հավատում ենք նրան»․քարոզի մրցույթում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Հայկ Համբարձումյանը։

Հաղթողներ եղան նաև «Ունկնդիրների համակրանք», «Ամենահուզիչ քարոզ», «Լավագույն ստեղծագործական լուծում», «Լավագույն մանկավարժական շեշտադրում» անվանակարգերում։

Քարոզներն աչքի ընկան երեխաների՝ մանկության տարիները խաղերով լցնելու, արհեստական բանականության ժամանակներում սրտով, նոր մանկավարժությամբ առաջնորդվելու անհրաժեշտությամբ, որը չի անտեսում տեխնոլոգիան, այլ ներառում է այն, բայց սրտով, հոգով, արագ փոփոխվող աշխարհում սեր աճեցնելով և մտածողությամբ։

ՀՊՄՀ-ի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, որ նաև նախագահում էր ժյուրին, նշեց՝ ամեն տարի սիրով և սրտանց է մասնակցում նախաձեռնությանը։ Որպես երկարամյա ուսուցիչ՝ ապագա մանկավարժներին խորհուրդ տվեց սիրել երեխաներին, նրանց մասնակից դարձնել իրենց հետ կապված կարևոր հարցերի լուծումներին և չմոռանալ ֆիզիկայի հայտնի ճշմարտությունը՝ փոխադարձության մասին․ «Մեր երկրին պետք են լավ ուսուցիչներ․ եթե չունենանք ուժեղ դպրոց, չենք ունենան ոչինչ»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու մասնակիցներին հորդորեց մտածել ուսուցչի մասնագիտությամբ շարունակելու և դպրոցն ուժեղացնելու կարևոր առաքելության մասին։